Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

171. ՅՈԶԵՖ ՍՏՐԺԻԳՈՎՍԿՈԻՆ

1925, 15 օգոստոսի
Էջմիածին

Մեծահարգ պարոն,

Ստացա Ձեր նամակը1: Ավելի քան տասը տարի միմյանց մասին անտեղյակ լինելե հետո2 մի սիրուն անակնկալ եղավ ուրախառիթ նամակնիդ և սակայն ոչ նվազ ցավ պատճառեց ինձ, որ միանգամայն իմ կամքես անկախ, անգիտակցաբար վշտացուցեր եմ Ձեզ։

Անցյալ տարվնե ի վեր ես Ձեզ գրեր եմ չորս նամակ, բայց ինչպես կերևի Ձեր ձեռքը անցեր է վերջին երկու նամակներես մեկը՝ հայր Ն<երսես> Ակինյանի թարգմանությամբ։ Եթե նախորդ նամակներես գոնե մեկը ստացած լինեիք, վստահ եմ, որ այդ վիշտը չպիտի ունենայիք:

Ինչպես կերևի, կատարված թարգմանութենեն առաջ եկեր է մի խոշոր թյուրիմացություն, որ իրավամբ առիթ տվեր է Ձեզ վշտանալու:

Արդ, որպեսզի ես ուղղակի պատասխանատու լինիմ գրած նամակիս յուրաքանչյուր բառին, այս անգամ կգրեմ իմ ձեռքով և իմ մայրենի լեզվովս: Թեև Դուք թարգմանել տալու նեղությունը պիտի կրեք, այնուամենայնիվ, բարեխիղճ մի թարգմանի հարազատ թարգմանությունը, հույս ունիմ, որ կպարզե թյուրիմացությունը և կվերականգնե Ձեր վստահությունը:

Անձամբ ծանոթ լինելնիս, կարծեմ բավական պիտի նպաստե Ձեզ համոզվելու համար, որ ես շատ լավ գիտեմ հեղինակ և աշխատակից բառերու նշանակությունը և հոնորար բառի գործածության իսկական տեղը։ Իմ մտքես անգամ անցած չէ, աշխատակից համարվել Ձեր հոյակապ աշխատանքին3. իմ դերս եղեր է այդ գործին մեջ Ձեզ առատ հում նյութ մատակարարել։ Իսկ այդ նյութերը, որ Ձեր գերագույն հմտությամբ ուսումնասիրելով ի լույս ընծայեցիք, մենք ոչ միայն ազգային շնորհակալություն կպարտավորինք Ձեզ, այլև ես ինքս անձամբ անձին շնորհապարտ մնացի Ձեզ, որ փրկելով կորուստից, գիտական աշխարհի սեփականություն դարձուցիք, եթե ոչ այդ նյութերն ալ պիտի կորսվեին, ինչպես կորան4 մոտս եղող տասն և հինգ տարվան չարատանջ աշխատությանս մյուս արդյունքները։