Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրոմլեքներ3 և բոլորակ աշտարակների4 մնացորդներ՝ նախնադարյան շրջանի, որուն մեջ եղած քարերից երկար տարիներ օգտվել են թե՛ Հաջի Ղարա գյուղացիք և թե՛ Օշականցիք, որով միանգամայն կորչում և այլանդակվում են նրանց պատմության համար վերին աստիճան հետաքրքրական և բնորոշ ձևերը։ Այս տեղերը, որուն ժողովուրդը անվանում է սուրաթաքարեր, պետք է նմանապես լինեն տեղական վարչությունների հսկողության տակ և այսուհետև միանգամայն արգելվի քարեր տանելը5։

Թ. Թորամանյան

173. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ

1925, 18 սեպ<տեմբերի>
Էջմիածին

ՀՀՊ Կոմիտեի1 նախագահին,

Զվարթնոցի սահմանագծման համար Վաղարշապատի Հողբաժնի անունով Հողժողկոմի կողմից մակագրված Ձեր դիմումը այսօր ինքս անձամբ տարի երկրաչափ Ա. Օտապաշյանին։ Դժբախտաբար երկրաչափը անակնկալ հիվանդացել է, իմ ներկայության բժիշկը արգելեց աշխատանքը 6—10 օրով։ Վաղը երկրաչափը գալու է Երևան իր տանը դարմանվելու, վերադարձին խոստացավ անմիջապես բավարարել մեզ։ Սակայն անպայման պահանջում է մեզանից առնվազն 20—25 հատ սահմանաքարեր2 Զվարթնոցի պատկանող հողաշերտի շուրջը հարկ եղած տեղերը զետեղելու համար։ Ինք իր կողմից իրավունք չի համարում Վաղարշապատի համար պատրաստված քարերից3 մասնավոր կամ տարբեր հիմնարկության շուրջը զետեղել, ուստի եթե մենք մինչև երկրաչափի առողջանալը պատրաստ քարեր չունենանք, մեր գործը գլուխ չի գալու։

Պարտք եմ համարում նաև հայտնել, որ Վաղարշապատի հողերի համար պատրաստված սահմանաքարերի յուրաքանչյուրը Հողբաժնի վրա նստում է 50 կոպեկ, անկախ փոխադրելու և տեղերը փորելով հողի մեջ զետեղելու մշակի աշխատավարձը։

Երկրաչափ Ա. Օտապաշյանը աշխատանքները դաշտերում կատարելու ժամանակ Շատրա գյուղի մոտ գաջ ու կրով շինված հին պատերի մնացորդներ է տեսել։ Այս մասին ինձ գրած թուղթը ուղարկում եմ Ձեզ։