Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԲԵԹՐՍՊՈՒՐԿԻ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆՑ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԱՐԳԵԼԻ ԿԱՃԱՌԻՆ,

ԴԻՄՈԻՄՆ

1907, 26 նոյեմբերի, Ալեքսանդրապոլ

1903 թվականին հուլիս ամսո մեջ, դիպվածով մը եկա Էջմիածին և անոր շրջակա հիշատակարանները աչքի անցնելե հետո, մտա հայոց հին մայրաքաղաք Անին՝ հետաքրքրված գիտնական ճանապարհորդներու անոր մասին տրված շահեկան տեղեկություններեն։

Անակնկալ նորություն էր ինծի համար տեսնել այնքան գեղարվեստական թանկագին գոհարներով լեցուն անկյուն մը, ուր իբր օվազիս՝ արևելքի հնադարյան խավարին մեջ ծլած ու ծաղկած էր, հակառակ զինքը շրջապատող քանդելու, ավերելու միայն ընդունակ բազմաթիվ ցեղերու շահատակությանց։

Զիս հետաքրքրեցին անոր ոչ միայն ինձ գրեթե անծանոթ գեղարվեստի գեղեցիկ ու ներդաշնակ հորինվածներու անհուն հարստությունը, այլև մեր ներկա գիտության համար ալ նորություն համարվելու չափ շինարարական արվեստի հետաքրքրական մասերը։

Իբր գեղարվեստի նվիրված խոնարհ մշակ, զոհաբերելով սեփական գործերս, և գուցե շատ բան, որոշեցի մնալ ժամանակ մը և իմ լումաս ալ ձգել արևելյան գեղարվեստի այն գանձարանին մեջ, ուր արդեն թափված էին ինձմե առաջ շատ մը արժանավոր մասնագետներու քաղցրիկ պտուղը:

Թղթատեցի նախ և համեմատեցի այն բոլոր հետազոտությունները, որոնք գրված էին այս քաղաքի ու շրջակայից ճարտարապետության և գեղարվեստի մասին։ Բայց ցավոք սրտի, ստիպված եմ ըսելու, որ համեմատաբար ավելի շատ էին անոնց մեջ թերի իրականին անհամապատասխան մասերը։

Անոնց մեկ մասը կբաղկանար լոկ ողբերգական ներբողներե, առանց գիտական բացատրությանց, իսկ մեկ մասն ալ քմածին և անհավատարիմ ընդօրինակություններե: Նյութի խիստ համեստ քանակությամբ ալ անբավական էին ուսումնասիրությունն համարվելու մեծ արվեստի մը, որն որ ապրած էր ավելի քան տասն և հինգ դար, ունենալով իր անկումները, վերածնությունները և վայելչափոխությունները անընդհատ։

Ոչ ոք դեռ լրջորեն չէ հետազոտած ծագումն ու զարգացումը, փոխանցման և ազդեցության շավիղները, ինքնուրույն ստեղծագործությանց և օտար խմորներու զանազանությունները այն արվեստին, որն որ բխելով տակավին մեզ անծանոթ աղբյուրների և ոռոգելով Արարատյան աշխարհն ու Կովկասը, տարածվեր է հյուսիս և հարավ՝ անհուն փարսախներ հեռուն։

Բնական էր, որ նախկին հետազոտությանց արդյունքը անբավարար մնային, քանի որ օրերու և շարաթներու միայն պայմանական ժամանակամիջոցի մը մեջ գիտնական ուղևորներ ստիպված էին, գիտության պահանջներու համաձայն տեսնել, չափել և նկարել այն ամենը, որոնք երկար տարիներու գործ էին: Եվ ահա այս պարզ պատճառավ ալ հայ-վրացական գեղարվեստը ոչ միայն չունի յուր որոշ պատմությունն ու ուսումնասիրությունը, այլև չունի գիտական ուղղությամբ պատրաստված այն լիակատար հավաքածոն, որոց իմի հավաքումեն, ժամանակակից մեծ արվեստագետներ կարենային այս բազմադարյան կուլտուրայի վրա գաղափար