Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմել և զայն բնորոշող վճիռն արձակել, և միևնույն ատեն ճամբել ժամանակակից գեղարվեստասեր սերունդին խնամքով ջոկելով այն մասերը, որոնք անվրեպ կենդանարար սնունդ կարող էին մատակարարել մեր դարու արվեստներուն։

Հակառակ իմ համեստ և սահմանափակ միջոցներուս, հանդգնեցա հնարավոր չափով այս զգալի պակասներեն մեկը, գեթ Անին, որուն մեջ կգտնվի գրեթե հայոց ճարտարապետության ամեն դարու զարգացման նմուշներեն՝ չափագրել, գծագրել և նկարագրել, նշանաբան ունենալով ինձ միմիայն ընդօրինակությանց մեջ հավատարմություն, չափերու ճշտություն և նկարագրությանց մեջ մանրամասնություն։ Այս կերպով, հավատացած էի, որ եթե իմ կարողութենես վեր էր իբր ճշգրրիտ ուսումնասիրություն ձոնել գիտական աշխարհին, գոնե գիտնոց սեղանին վրա կդնեի բարեխիղճ և խնամոտ աշխատությամբ պատրաստված հավաքածո մը, որով կվերնար մեծ արվեստագետներու համար ուղևորությանց պատճառած դժվարությունները և իսկականին անհամապատասխան նկարներու և նկարագրություններու պատճառած մոլորությունները։

Երբեք չեմ հավակներ իմ գործս ըստ ամենայնի անթերի համարել. քավ լիցի, սակայն բաղդատելով իմ աշխատություններս թե՛ մինչև հիմա երևցած օրինակներուն հետ և թե՛ տեղին վրա իսկականներուն հետ, գոնե պիտի տեսնվի այն մեծ ճիգը, որ ես անխոնջ թափած եմ եղածներեն տարբեր արդյունք արտադրելու համար։

Ուստի ավելի քան չորս տարվան քրտնաջան աշխատությանս արդյունք եղող ամբողջ հավաքածոն կխրկեմ հարգելի կաճառիդ, խոնարհաբար խնդրելով որ բարեհաճիք վճռել անոր գիտության և պատմության համար ունեցած արժեքն ու օգտակարությունը, և եթե կարելի է, փորձառու և հմտագույն դիտողություններով մատնանշեք ինձ այն ուղին, ուրկեց կարող եմ պարզերես դուրս գալ՝ հանդեպ գիտության խղճի մտոք ծառայած ըլլալու ազնիվ ցանկությամբ սկսած տաժանելի գործիս մեջ։

Թեպետ դեռ կանուխ էր Ձեր թանկագին ժամերը վատնելու տակավին թերի մնացած գործիս համար, որուն մեծ մասը կմնա սևագրություն և չափագրություն, սակայն ի նկատի ունենալով գործին մեծությունը և միևնույն ժամանակ իմ միջոցներն զուրկ դրությունս, խոնարհաբար կխնդրեմ, որ ներողամիտ լինիք այս ակամա պատճառած ձանձրությանս։ Ստիպված եմ կանխել անորոշ ճակատագրի մը պատճառած տագնապեն ժամ առաջ ազատվելու անհրաժեշտ հարկին առջև խոնարհած։

Եվ այս առթիվ չեմ մոռնար կրկին իմ խորին երախտագիտությունս հայտնել այն 700 ռուբլի նպաստին համար, որ հարգելի հաստատությունդ շնորհեց ինձ, որով կարողացա մաս մը ևս ավելացնել իմ ունեցած պաշարիս վրա։

Հառաջիկային եթե հաջողվի ինձ, որոշեր եմ իմ ամբողջ գործս դասավորել հետևյալ կերպով։

Յուրաքանչյուր շենքի plan, facade, coupe լուսաստվեր նկարելես հետո, պիտի գծեմ անոնց ամբողջական profil-ները, առանձին detail-ներ, նիշեր (ինչպես Մայր եկեղեցիի մաքուր նկարված նիշը)[1], պատուհաններ, սյուներ, քանդակազարդ կամարներ, խոյակներ, խարիսխներ, պիտի նկարեմ իրենց չափով և ձևով ամբողջ, ոչ թե անոնց մեկ մասը իբրև նմուշ։ Եղած բոլոր բազմատեսակ moulure-ները

  1. «Գեղունի», 1909, № 6, էջ 38, Վենետիկ (Ն. Թ.):