Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հետ։ Ավելի քան 15 օր անընդհատ տեղացող անձրևի տակ ոտքով քայլելով նախ Լոռու և ապա Վրաստանի գյուղերի միջով, կիսամերկ ու բոկոտն՝ հասնում են Թիֆլիս։

Ալեքսանդրապոլից դուրս գալիս, Թորամանյանին հաջողվում է վերցնել տնային իրեր և իր արխիվը, սակայն երբ շուտով ստիպված են լինում թողնել նաև Ղարաքիլիսան, նա այլևս չի կարողանում փոխադրական միջոց գտնել։ Փորձում է փրկել գեթ իր արխիվը։ Երկու արկղների մեջ դասավորված հուշատետրերը, օրագրերը, սևագրությունները, նեգատիվները, լուսանկարները, չափագրությունները, փաստաթղթերը, գրքերը և հրատարակության պատրաստ անտիպ աշխատությունների ձեռագրերը հասցնում է Ղարաքիլիսայի երկաթուղու կայարանը։ Նրա խնդրանքը ուղևորներին՝ այդ նյութերն իրենց հետ փոխադրելու մասին, անցնում է ապարդյուն։ Նրան մերժում է նաև դաշնակցական մինիստր Կարճիկյանը, որին հատկացված էր առանձին վագոն՝ տնային կահ-կարասին տեղափոխելու համար։

Հուսահատ՝ Թորամանյանը այդ նյութերը իր գրադարանի և տնային իրերի հետ միասին հանձնում է իրենց իջևանած տան տիրոջ խղճմտանքին և ընտանիքի հետ անմիջապես հետևում դեպի Թիֆլիս փախչող մասսային։

Թուրքերի նահանջից հետո, Թիֆլիսից Ալեքսանդրապոլ վերադառնալիս Թորամանյանը կանգ է առնում Ղարաքիլիսայում՝ այնտեղ թողած արխիվը և գույքը իր հետ վերցնելու։ Սակայն վերը թվարկված նյութերի փոխարեն Թորամանյանը գտնում է միայն սույն նամակում նկարագրած պատառիկները։

Վերոհիշյալ կորուստների մասին Թորամանյանը իր ժամանակին համառոտ զեկուցագիր է ներկայացրել «Համաշխարհային պատերազմից ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովին», որի նախագահն է եղել անվանի բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

Այս կարևոր փաստաթուղթը առաջին անգամ հայտնաբերվել և լույս է ընծայվել ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր արխիվային վարչության ավագ գիտական աշխատակից Գևորգ Սարգսյանի կողմից («Բանբեր Հայաստանի արխիվների», 1967, 2/17, էջ 163—175, Երևան), երբ Թորամանյանի նամակների սույն ժողովածուն գրեթե պատրաստ էր տպագրության։ Խորին երախտագիտությամբ ընդգծելով Գ. Սարգսյանի անգնահատելի ծառայությունը, զեկուցագրի ամբողջ տեքստը զետեղում ենք այստեղ, նկատի ունենալով վերջինիս սերտ առնչությունը նամակում արծարծված հարցերի հետ։

1919, 9/22/ հունվարի
Տփղիս

«1918 թվականի ապրիլ ամսի 15-ին, երբ Ալեքսանդրապոլից Ղարաքիլիսա փոխադրվեցա՝ Ալեքսանդրապոլ քաղաքը թուրքական արշավանքից վտանգված համարելով, որոշեցի անպայման տեղափոխել նաև գրական ու գիտական աշխատություններուս կարևոր մասը՝ մատենադարանիս հազվագյուտ և թանկարժեք գրքերով միասին։

Թե իմ նյութական միջոցներուս և թե ուրիշ աննպաստ պայմաններու պատճառով, <աշխատություններս> միանգամ ընդմիշտ վտանգից ազատելու համար չի կարողանալով մինչև Տփղիս բերել, մեծ դժվարությամբ կարողացա մինչև Ղարաքիլիսա հասցնել՝ Ալեքսանդրապոլի որբանոցներու կառավարիչ պ. Հովսեփ Միրզոյանցի միջոցավ, որը բարեհաճեց որբերու փոխադրության հատկացված վագոններից մեկուն մեջ տեղավորել։