Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կիսովին մշակված և առաջիկային մշակելի հում նյութեր, թե առանձին և թե ընդհանուր մեծ հրատարակությանս հայոց ճարտարապետության պատմության տեքստը կազմելու համար

Որովհետև 16 տարվան անընդհատ աշխատությանս նպատակն էր հնար եղածին չափ առատ նյութեր հավաքելով, նախաքրիստոնեական շրջանեն մինչև քրիստոնեության XV դարու հայոց ճարտարապետության պատմությունը կազմել, ուստի այդ նպատակով, ամեն դարաշրջաններու պատկանող հազարավոր ճարտարապետական և գեղարվեստական նմուշներ հավաքելես զատ, պատրաստած ունեի պատկառելի քանակությամբ գրական նյութ հայոց պատմական գրականութենեն, հայ և օտար բազմաթիվ անվանի հեղինակներեն, որոնց ընկերացած էին իմ տեսություններս, դիտողություններս, ընդարձակ ծանոթություններս ու վկայություններու ամբողջական արտագրություններս, նաև քննադատություններս այս կամ այն ընդհանրացնող հոռի ու թյուր կարծիքներու և վճիռներու դեմ դրական ապացույցներով։ Այս ամենը գրված էին առանձին մեծ ու փոքր տետրակներու և առանձին թերթերու վրա խնամքով դասավորված իրենց կարգին։ Այս թղթերու մեջ էին նաև ամեն տարի ս. Պետերբուրգ Գիտությանց ճեմարանին և Հնագիտական մասնաժողովին ուղարկածս պաշտոնական տեղեկագրերու օրինակները, բազմաթիվ գիտական թղթակցություններ Տաճկահայաստանի կամ Կովկասի իմ չի կարողացած այցելած վայրերուս մեջ։

Այժմեն չեմ կարող ըսել, թե ինչ ծավալ պիտի ստանար այս թղթերու ահագին կույտը հրատարակելով, որովհետև մի մեծ սնդուկի մեջ կափարիչը հազիվ փակվելու չափ կոխված էին, այնուամենայնիվ, 1913 թվականին Վիեննայի մեջ, ճարտարապետության պատմության ուսումնասիրությանս հրատարակության համար մեծանուն գիտնական պրոֆ. Հ. Ստչիգովսկիի հետ կնքած պայմանադրությանս համաձայն[1], հանձն առածս հազար երեսից ոչ պակաս տեքստ կազմելու բովանդակ նյութս այս թուղթերեն և տետրակներեն պիտի հանվեին, թեև պատմութենես անկախ առանձին հրատարակության համար ալ կային շատ նյութեր։

Այս չարատանջ աշխատությամբ ձեռք բերած արդյունքիս մամուլի սեփականություն դառնալը տեսնելու բախտը պիտի ունենայի 1914 թվականի աշնանը։ Նույն թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներուն մեջ ես կրկին պիտի վերադառնայի Վիեննա՝ հրատարակության սկսելու համար գերմաներեն լեզվով, որուն թարգմանությունը հանձն առած էր պայմանագրով պ. Լ<ևոն> Լիսիցյանը, որուն վրա միայն լիուլի վստահություն ուներ պրոֆ. Հ. Ստչիգովսկին։

Դժբախտաբար նույն տարին համաշխարհային պատերազմը բռնկելով, ճանապարհները փակվեցին և ես չիկարողացա գնալ, փոխադրելով հետս բոլոր հրատարակելի նյութերս։ Ավելորդ է ըսել թե ինչ գերմարդկային ճիգ թափեցի այս կյանքի գնով ձեռք բերած աշխատություններս փրկելու և, վերջապես, դժբախտ ճակատագիրը զիս զրկեց ամեն տեսակ հոգեկան, ֆիզիկական և նյութական մխիթարություններես։[2]

Որպեսզի փոքր ինչ գաղափար կազմվի, թե ինչ կարգով դասավորած էի այդ հում նյութերս հառաջիկայում շահագործելու համար, ստորև ցույց կուտամ անոր մոտավոր կարգը։

  1. Տե՛ս 117 -րդ նամակի № 5 ծանոթությունը (Ն. Թ.):
  2. Տե՛ս 132-րդ նամակի № 2 ծանոթությունը և 196-րդ նամակի ծանոթությունները (Ն. Թ։):