Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոշիկը արժեն 5100 ռուբլի, իսկ կանացինը՝ 9100 ռուբլի. (100 ռուբլի մանր ծախքը ստացման առիթով կատարված)։

Ուղարկվում է նաև 11 փութ ալյուր 3 պարկում, որից 5 փութ Ձեր խմբի, իսկ 6 փութ՝ Տեկորի խմբի համար։

Ի նկատի ունեցեք, թե Դուք և թե պ«արո»ն Աշխարհաբեկը, որ այլևս ոչ մի հույս չկա պարեն ստանալու, ուստի և վարվեցեք շատ խնայողաբար, որպեսզի հետո զրկանքներ չկրեք։

Կոշիկների արժեքը աշխատեցեք իսկույն գանձել և ուղարկել վարչությանս գանձապահ պարոն Բալասանյանին։

Վարչությունս 3—4 ձի ունի, բայց խոտի պաշար չունի, աշխատեցեք խոտի պաշար պատրաստել և հայտնել թե որքան խոտ կարելի է մթերել և ի՞նչ կնստի փութը Երևանում՝ փոխադրության ծախքով միասին։ Ձիերիցս մեկը ուղարկելու եմ մոտավորապես ամսիս վերջին Ձեզ մոտ պահելու։

Ընդունեցեք՝ ողջույններս հարգանքով` Ա. Թամանյան»:

(Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ:)


154. ԱՏՐՊԵՏԻՆ

(Էջ 272)

Բնագիրը` ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Երբ 1920 թվականի աշնանը թուրքական զավթիչները երկրորդ անգամ հարձակվում են Հայաստանի վրա, Թորամանյանը իբրև Անիի հնագիտական շրջանի վերահսկիչ (տե՛ս 146-րդ նամակի № 3 ծանոթությունը) իր ընտանիքով գտնվում էր Անիում։ Լսելով այդ գույժը նա ընտանիքի հետ միասին անմիջապես տեղափոխվում է Ալեքսանդրապոլ։ Սակայն այդ քաղաքը ևս ենթակա էր թուրքերի ներխուժման։
    Երբ վտանգը անխուսափելի է դառնում, Ալեքսանդրապոլի փոստի հեռագրիչ Մկրտիչ Հակոբյանը Թորամանյանին ստիպում է իր հետ միասին հեռանալ Ալեքսանդրապոլից, նկատի ունենալով նախ թուրքերի առանձնահատուկ ատելությունը դեպի արևմտահայերը և տղամարդիկ, երկրորդ այն հանգամանքը, որ 1918 թվականին զորավար Անդրանիկը այդ քաղաքում հյուր է եղել Թորամանյանին։ Երկար դիմադրությունից հետո, զիջելով ընտանիքի թախանձանքներին, Թորամանյանը հակառակ իր կամքին հնազանդվում է և Մկրտիչ Հակոբյանի հետ միասին վերջին գնացքով մեկնում Երևան, որից հետո թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլը։ Մոտ կես տարի Թորամանյանը ոչ մի լուր չի ստանում իր ընտանիքից և ականատեսների վկայությամբ օրերն անց է կացնում հոգեկան ծանր ապրումների մեջ։ Ակնարկը այդ ժամանակի մասին է։
  2. Թորամանյանը Ալեքսանդրապոլից Էջմիածին է տեղափոխվել 1921 թվականի սեպտեմբերի 12-ին, ուր բնակվել է մինչև 1931 թվականը։
  3. Տե՛ս 145-րդ նամակի №1 ծանոթությունը։
  4. Տե՛ս 63-րդ նամակի № 5 ծանոթությունը։