Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18. Անի, Լուսավորիչ, հատակագիծ, սև գույնով, տպ<ված> I <հատոր>, էջ 202, պատկ<եր> 243։
19. Զվարթնոցի հարավային կողմի շենքերի ընդհանուր հատակագիծը։ Տպ<ված> I <հատոր>, էջ 268, պատկ<եր> 303:
20. Անի, Բագրատունյաց պալատ, միջնաբերդում, սև գույնով, տպ<ված> I <հատոր>, էջ 274, պատկ<եր> 312։
21. Զվարթնոց եկեղեցիի հատվածականը, սև գույնով, <տպված>, II <հատոր>, էջ 686, պատկ<եր> 658։
22. Հոռոմոսի ս. Հովհաննես եկեղեցիի գավթի հինգ քանդակազարդ առաստաղներից մեկը սև գույնով նկարված (երկու տեսակ էին, մեկը ղրկված է, իսկ մյուսը չէ ղրկված)»։
(Ցուցակների բնագրերը պահվում են Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ)։
Թորամանյանի նյութերը վերադարձնող հանձնաժողովը՝ մերժելով վերոհիշյալ ցուցակներում նշված չափագրությունների երբևէ գոյություն ունեցած լինելը Վիեննայի արվեստի պատմության ինստիտուտում, կազմել է հետևյալ արձանագրությունը.

«Ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն
Կազմված ներկայությամբ պարոն Գազանչյանի, ասիստենտ պրոֆեսոր-դոկտոր Հայնրիխ Գլյուկի և ասիստենտ Յոնաննես Շվիգերի:

Մենք հանձնում ենք Երևանի հայ ճարտարապետ Թորոս Թորամանյանի ինստիտուտում գտնվող բոլոր գծագրերը՝ ընդամենը 323 թերթ և հաստատում, որ ճարտ<արապետ> Թորամանյանի հետագայում ուղարկած, բայց լրիվ անծանոթ ցուցակը միայն մասնակի կերպով է համընկնում գոյություն ունեցող իրական նյութի հետ, ինչպես թերթերի և նկարների թվի, այնպես էլ անունների գրության և մյուս հարցերի տեսակետից։

Ապացուցվեց, որ Թորամանյանի պահանջած ցուցակով նկարների նշված քանակը, որոշ դեպքերում ցույց է տրված ինստիտուտում եղածից ավելի, իսկ որոշ դեպքերում պակաս, նայած այս կամ այն տեղին։ Էքսպեդիցիայի[1] մասնակիցների և ինստիտուտի անդամների վկայությամբ՝ պահանջված նկարներից շատերը երբեք ինստիտուտին չեն հանձնվել։

պրոֆ. Յոզեֆ Ստրժիգովսկի

պրոֆ. դոկտոր Հ. Գլյուկ
ասիստենտ դոկտոր Յ. Շվիգեր

Ա Գազանչյան»

(Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։ Գերմաներենից թարգմանեց Արտաշես Տիրացյան)։
Հետագայում հետաքրքրվելով Ստրժիգովսկու մոտ մնացած չափագրությունների հարցով, դիմեցինք Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Մեսրոպ արքեպիսկոպոս Հապոզյանի աջակցությանը։ Խորին երախտագիտությամբ պետք է նշենք, որ նա տեսակցելով վերոհիշյալ արձանագրության տակ ստորագրողներից մեկի՝ դոկտոր Յոհաննես Շփիգերի հետ, 1958 թվականի հունվարի 12-ին ի պատասխան հաղորդեց հետևյալը. «Հետաքրքրվեցա այդ կորսվածներու բախտով

  1. Տե՛ս 121-րդ նամակի № 4 ծանոթությունը։ (Ն. Թ.)։