Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

23. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 5 հոկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Այսօր երրորդ օրն է, որ Ղոշավանքեն դարձա քաղաքս․ զբաղված էի բնակարանի հարցով, վերջապես դարձյալ հարմարություններ գտա մեր ծանոթ պ. Ալեքսանին տանը. մի երկու օրեն հետո պիտույքներս կարգադրելով կսկսիմ գործի: Առաջին աշխատանքս պիտի ըլլան ս. Գրիգորը1 և Առաքելոց եկեղեցին Ձեզ համար, և հետո ինծի վերաբերյալ գործերը: Կխնդրեմ միամիտ լինիք Ձեր գործերու մասին, կջանամ մինչև դեկտ<եմբերի> վերջերը հասցնել այն ամեն կտորները, որոնք կարևոր համարած էիք: Միայն ինչպես գրեցի նախորդ նամակավս, դեռ չստացա բեկորներու2 լուսանկարներն ու Պանաի եկեղեցիի լուսանկարներն, որոնք ոչ միայն գործիս ընթացքին մեջ կարևոր են, այլև վերակազմության մասին պատրաստելիք տեղեկագրիս համար խիստ անհրաժեշտ են: Ուստի կխնդրեմ, որ որչափ որ հնար է, ինծի շուտով հասնին այդ բաները:

Գալես ի վեր գրեթե ամեն օր կերթամ Խալաթյաններուն, Ձեզմե նամակ կամ տեղեկություններ ստանալու համար իմ մասին, սակայն դժբախտաբար ոչինչ լուր չէ ստացված: Երեկ ալ այնտեղ ստացված էր մի փոքր սնդուկ Ձեր անունով Բեթրսպուրկեն ուղարկված, որուն պարունակությունը հայտնի չէր: Իհարկե Դուք գիտեք ինչ ըլլալը, և ըստ այնմ կկարգադրեք:

Ինձ և նույնպես Խալաթյաններու հայտնի չէ Թիֆլիս կազմվելու համար խրկված գրքերուն ուր մնացած ըլլալն։ Ձեզ հայտնի է, որ ինծի շատ կարևոր են այս ձմեռ, հետևաբար ինծի շնորհ ըրեք իմացնելու, թե ուրտեղեն և ի՞նչ միջոցավ պետք է որ ստանամ։

Ձեր թեյի բաժակը և ուրիշ մոռացված իրեղենները արդյոք ստացա՞ք անվնաս։ Հայր սուրբի3 պատահած արկածի մասին գրած նամակս անշուշտ ստացած կըլլաք. ինչպես որ հայր սուրբն ինքն ալ առանձին նամակով գրած է Ձեզ, այդ մասին ևս լուրջ կարգադրություն մը անհրաժեշտ է։

Ւմ խորին հարգանքներս ազն<վուհի> տիկինին4, բարևներս Գևորգին5 և Վալոդիին։ Նույնպես` մեր համակրելի նկարչին6:

Մնամ խոնարհ ծառա`
Թորամանյան