Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սյունամեջերու թանձրությունը մինչև տակը շարունակվեր, այն ատեն թե՛ երևույթը պիտի տգեղանար և թե՛ որմասյուներու կողերը պիտի թաղվեին այդ թանձրության մեջ. ուստի այդ անտեղության առջևը առնելու համար թեթև կերպով խորշի ձևով փորեր և գոգավորեր են այն մասը վերեն սկսյալ, մինչև որ եկեր և ներքևի մասին հավասարվեր է (պատկ. Զ, ձև 3 c), իսկ profil d կետանիշը վերեն դեպի վար, որով հատակագծին վրա կերևա գոգացյալ նույն պատկ<եր> հատակագիծ c, ահա այս բեկորին համար էր, որ քանիցս գրեցի Ձեզ, որ փնտրեք Ձեր հուշատետրին մեջ։ Բեկորը գտնվեցավ արևմտյան կողմեն, դռնեն մի քիչ հարավ, Տիգրանի աշխատած բաժնի մեջ. պատկերին վրա կետանիշով զատեր եմ այն ձևով, ինչպես գտնվեցավ, մեկ կողմը կամարին կես մասը և անմիջապես քովը՝ կիսաբոլոր գոգաձև փորվածքը։ Այս քարերեն այժմ խիստ շատ կա, բայց երբեք քովի գոգացյալ մասը, եղած մեկ հատիկ օրինակն ալ բոլորովին փճացած է արդեն. եթե գտնված պահուն անմիջապես չափագրած չըլլայի, այժմ ոչ մի բան հասկնալ կարելի պիտի չըլլար, և կազմությունն ալ սխալ պիտի ըլլար՝ ենթադրելով շարունակյալ կամարներ:

Դրանց կամարները կանոնավորապես միացած են հաջորդաբար ամբողջ շրջապատին վրա և անմիջապես վրան կգտնվի շուրջանակի լայն զարդաքանդակ գոտին, այս գոտիին և corniche-ին ճիշտ մեջտեղ կգտնվեին բոլորակ պատուհանները, որոնց ամենն ալ բացված էին galerie-ին վրա. այս հարկին ծածքեն վեր կսկսի միջնագմբեթը, որուն իսկական կազմության վրա այնչափ որոշ բան չի գիտեմ, բայց հետևելով Զվարթնոցի, բաժանեցի սյունամեջերու վարինին թվով. սյուներուն ձևերը անծանոթ են, շինածս ենթադրական է, սակայն վրայի կամարներեն գտեր եմ, քանի մը հատ, որոնք այժմ կգտնվին «Սարգսի» դռան4 գավթի մոտի բարձրության վրա, ճիշտ միևնույն moulure-ներով, միայն վերնամասը առանց քանդակի և նեղ, քան վարի կամարներուն այդ մասը, միանման դրի այս հարկին ալ մեծ corniche-ը, որովհետև թեև չափով տարբեր corniche չեմ գտեր, բայց քանդակներով տարբերվողներ կան:

Վերնագմբեթի մասին արդեն գրեցի վերև, որու մասին միայն կավելցնեմ, թե անոր վրա գտնված պատուհաններն ալ երկայն և վերը կիսաբոլորակ եղած է և նմուշը կմնա բեկորին վրա խնամքով ծածկված, որովհետև արդեն փրթելու վրա է։

Կմնա բացատրել վտանգվելեն հետո եղած հավելումները5 և շրջակամարը: