Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Պատառիկ» թուղթն ես ղրկել եմ վաղուց և հաղորդել եմ մեջը. որ իմ զեկուցումը վերջացնելուց (և իհարկե պայմանների որոշվելուց հետո) ավելի մանրամասն նամակ կգրեմ։ Իհարկե, ես ի նկատի ունեի Ձեր աշխատանքները վերջացնելու և Ձեր նեղ դրության սփոփանք մը տալու որոշ չափով աջակցել։ Դժբախտաբար նոր աղբյուրներ չբացվեցին. մինչև անգամ հիները նվազում են կամ իսպառ հատվում։ Ինչո՞ւ իզուր պիտի Ձեզ հաշիվ տամ, համրեմ այն անձանց կամ հաստատությունների շարքը, որոնց դիմել եմ և դիմումս եղել է ապարդյուն։ Միակ հույսս մնում էր այն անիական ընկերությունը3, որը հիմնվելով պիտի բաց աներ նոր դարաշրջան Անիի ուսումնասիրության պատմության մեջ, ուսումնասիրողների կյանքի մեջ։ Սակայն իրականությունը, անողոքելի իրականությունն այլ տեսակ վարվեց։ Մեծամեծ հույսերի պատճառ դարձած ընկերության համար այսօր էլ ծրագիր է մշակվում, իսկ այն ժամանակը, այն տարին, երբ ես ձեռնարկում եմ ամենադժվար և ծանր գործ մը, Բագրատունյաց պալատի պեղումներ, տրամադրությանս տակ այս բանի համար ունիմ միայն երկու հազար ռուբլի. էլ չեմ խոսում մուզեն4 ընդարձակելու, նրա առաջ վայր մը մաքրելու համար հարկավոր, անհրաժեշտ հարկավոր ծախսերի մասին։ Ինձ նորից առաջարկվում <է> դասախոսություններով զբաղվել (առաջարկությունս անում է ի մեջ այլոց և մեր բարեկամ պ. Վրույր), սակայն կարելի՞ է արդյոք ինձանից բարոյապես պահանջել անցյալ տարվա տանջանքներս կրկնել, երբ ահագին աշխատանքի և ժամանակի կորստյան փոխարեն Տ<փխի>սում զուտ արդյունք մինչև անգամ յոթ ռուբլի է մնացել առաջին անգամ!!! Իհարկե այս տարի նոր խոստումներ են անում և առաջարկում են Բաքուի հյուր լինել, բայց ներեցեք. ես չեմ հավատում, որ սրանից օգուտ լինի, այս մեկ, իսկ երկրորդ, ես կարծում եմ, որ երեք ամիս ամեն տարի անդադար չարչարանքի մեջ անցկացնելով Անիում ես բավական զոհողություն եմ անում, որ ինձ ներեն, երբ ես չեմ համաձայնում անձամբ քաղաքե քաղաքը և տանե տունը ման գալ և ողորմություն խնդրեմ Անիի պեղման և ուսումնասիրության համար։ Տեսնում եք, գործս, ոչ մենակ Ձեր գործդ, այլ և իմ գործս շատ խարխուլ դրության մեջ է։ Ի՞նչ պիտի անեմ. ինչով կարող եմ ես օգնել ուրիշին, երբ այս «ուրիշս» մինչև անգամ այնպիսի մոտիկ գաղափարով և ազնիվ սրտով անձնավորություն է, ինչպես իմ սիրելի բարեկամ պ. Թորոսը։