Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

31. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1907, 30 մարտի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Սրտի անհուն բերկրությամբ կարդացի Ձեր նամակը, շնորհակալ եմ, որ զիս միամտեցուցիք, սակայն պիտի շտապեմ պատասխանել ընդմիշտ բառնալու համար թյուրիմացություն մը, որ ինծի վրդովում կը պատճառե։

Առիթ ունեցած եմ ես քանիցս գրելու Ձեզ, թե ինձ համար գնահատելին հոգեկան առավելությունն է, երբեք օր մը ես նյութականով չեմ հրապուրված, եթե նույնիսկ անոթի մահվան դուռն ալ հասած ըլլամ, ուստի գուցե վրդոված սրտով գրած վերջին նամակիս մեջ չեմ կարողացած բացատրել Ձեզ, թե ինչու՞ մատնված էի հոգեկան տանջանքներու՝ Ձեզմե երկար ատեն լուր չունենալուս համար։ Ներեցեք, որ ծանրանամ քիչ մը այս նյութին վրա։

Չեմ ներեր երբեք, որ իմ անկեղծությունս կասկածի տակ դրվի: Սրտիս ու հոգվույս խորերեն բխած ճշմարտություն է, որ պիտի թափեմ Ձեր առջև։ Ձեր Նախորդ այն նամակեն ետքը, որուն մեջ կիմացնեիք ինծի 150 ռուբլի խրկվելը և այնուհետև այլևս հույս չի կենալը, երբեք միտքես անգամ չէ անցած սպասել Ձեր միջոցավ ոևէ օգնություն, լիովին հավատալով, որ այս վերջին երկու տարին Ձեր կարողութենեն շատ վեր, գերմարդկային ազնվությամբ տառապեցաք ինձ համար, և իմ գործերուս համար, և ես, իմ այսօրվան ձեռքս ունեցած հսկա ժողովածուն1 Ձեզ կպարտիմ։ Հավատացեք, որ այլևս անկե անդին Ձեզմե նյութական օժանդակություն ակնկալելու չափ անմիտ ալ չէի կարող ըլլալ։ Իմ միակ ակնկալությունս Ձեր տևական բարեկամությունը և բարոյական հովանավորությունն էր և ուրիշ ոչինչ։

Դուք ինքներնիդ լավ համոզվեցաք, որ մինչև այսօր իմ ազգակիցներուս մեջ ոչ մի բարեկամ չի գտնվեցավ, եթե ոչ ինձի գոնե աշխատածս տաժանելի գործին համար, միակ բարեկամ Դուք էիք, որուն հեղինակավոր թևին տակ ապաստանած կարհամարհեի Մեսրոպ վարդապետներու կամ անոնց նմաններու կողմանե ինծի եղած թշնամական հարվածները։ Պարզապես խոստովանիմ, որ վախեցա՝ մի գուցե Ձեր սրտին մի ցավ պատճառած ըլլամ և Դուք բոլորովին օտարանալով ինձմե՝ անոնք առիթ ունենան անխղճորեն միլիոնավոր քրտինքի ու արցունքի կաթիլներով գլուխ հանած գործս երկու գրիչի հարվածով ոչնչացնելու։ Եթե Դուք չի լինիք, ո՞վ