Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի վկայե ինձի համար, իմ գործերուս և իմ բարեխղճությանս համար։

Փաստը վրդովեցուցիչ էր. Մեսրոպ վ<ա>րդ<ապետը> բացարձակ չարամտությամբ գրած էր հառաջաբանին մեջ, թե «պ. Քրիստափոր Տեր-Սարգսյան պատրաստեց եկեղեցու մանրազննին հատակագիծը»2, մինչդեռ իր աչքի առջև կատարված իրողություն էր, որ ես եմ ցույց տված մանրամասնություններ պ․ Տ<եր>-Սարգսյանին, հենց Մեսրոպի խնդրանոք, որով ամբողջացուցեր է նա յուր հատակագիծը (թեև դարձյալ սխալ), երբ կարդացի այս բանը, մութ պատեց չորս կողմս, շղթայի պես աչքիս առջևեն անցան երկար տարիներու չարատանջ աշխատությունս, որ մի րոպեի մեջ կոչնչանար կասկածի տակ դրվելով մնացյալ բոլոր գործերս ալ։ Ուստի, երբ միևնույն ատեն Ձեր մխիթարական նամակներեն ալ բաղդազուրկ էի, հուզվեցա և գրեցի, թե եթե «ես անտեր մնացի, այն ատեն պետք է փախչիլ, որովհետև իմ թշնամիներս ավելի ուժեղ են, քան զիս և ես շատ տկար անոնց դիմադրելու»։ Այստեղ կարծեմ այլևս նյութականի հարց չի մնար, իմ միակ բաղձանքս ու սփոփանքս Ձեր արդար և անկողմնակալ վկայությամբ հարատև հովանավորությունն է։

Նյութականի ոչ մի մտածում թող չզբաղեցնի Ձեր միտքը և չի գայթակղեցնե զՁեզ, սրտանց համոզված եմ ես, որ եթե Դուք հնար ունենայիք Ձեր պատառ մը հացը կբաժնեիք ինձ հետ։ Ես պարտական եմ Ձեզ միշտ ամեն անձնվեր ջանք և մշտական երախտագիտություն, ուստի ընդունեցեք իմ անկեղծ սրտի արտահայտություններս՝ ներելով ինձ, եթե ակամա թերություն մ՚ալ ունեցա։

Բնավ չեմ տրտնջած, որ այսօրվան ձախորդ վիճակին եմ ենթարկված, ինձի համար ալ ճշմարտություն թե ճակատագրական անվրեպ պայման է տառապանքը՝ մեծ և օգտակար գործ ձեռնարկողներու համար: Սիրով կտանիմ ամեն նեղություն, բավական է միայն, որ պատիվս արատավորված չի տեսնեմ։ Այս պատճառավ Ձեզ խնդրեցի, որ միջնորդեք Ճեմարանի՝ ոևէ գոհացում տալու խնդրույն մեջ։ Ամոթ կլիներ ինծի համար հեռանալ3Կովկասեն առանց ոևէ փոխարինություն մը ընելու։ Արդ, քանի որ իմ հայեցողությանս եք թողած, ես մտածեր եմ այսպես։

Երբ ամեն կողմե հույս չիկա աշխատությանցս հրատարակության, այն ատեն իզուր է արդեն աշխատված ահագին կույտերուն վրա կրկին ավելացնել տասնյակ պատկերներ, որոնք փտելու և ոչնչանալու պիտի սահմանվին։ Ուստի որոշեր եմ մեկնել4 մայիս ամսո մեջ, եթե սակայն հաջողիմ ճանապարհածախս ճարել գոնե