Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ ի՞նչ ես կանգնել՝ ձեռդ ծոցումդ.
Մնացել շվարած շունչդ բերնումդ։
Փախի՛ր, ա՜խ՝ գլուխդ ա՛ռ, կորի՛, որ պրծնիս։
Էս հեղեղին դու ի՞նչպես դեմ կընկնիս․
Ա՜խ՝ ի՞նչպես էս օր դու գլուխ բարձրացրիր՝
Բարի՛ արեգակ՝ երեսդ հանեցիր։
Ա՜խ՝ ի՞նչպես սիրուն աչքդ չխփեցիր,
Ու էդպես հանդարտ էկար, կանգնեցիր,
Որ վկա լինիս անիրավ գործքի,
Որ լիս տաս խավար, անողորմ սրտի
Ու խեղճ Հայերի արինն ու ջանը,
Էրված տան ծուխը, փակված բերանը,
Կտրատված լաշը, սուգ ու շիվանը
Լսես, տեսնես, գնաս էլ եդ քո բանը։
Անողո՛րմ երկինք՝ ի՞նչպես դուք թողիք,
Ո՞ւր ձեր ամպ, կայծակն էսօր պահեցիք,
Չարի սուրը տեսած՝ դուք պապանձվեցիք,
Ու փուլ չի՛ էկաք, ձեր տակով չարիք․
Ապառա՛ժ, գետին, անկուշտ հողի փոր՝
Հենց անմե՛ղ արին կուզեիր էս օր՝
Հենց անշո՜ւնչ մեռել ծոցդ կտանիս,
Ծնողաց սուգ, շիվան ո՞չինչ համարիս։
Աչքերդ կխփես, բերանդ կբանաս՝
Թշվառ դու գազան՝ որ ոչ կշտանաս․
Ի՞նչ կըլեր՝ էս օր մեկ գութ շարժեիր,
Անմեղի լացն, սուգն դու մեկ լսեիր,
Քո չար որդիքը հրով խրատեիր,
Բարի որդիքդ սիրով պահեիր,
Քեզ քանդողի դու տունը քանդեիր,
Քեզ շինողի դու տունը շինեիր
Ու հազար անմեղ հոգի գառի պես
Սրի չտայիր, խնամեիր մոր պես։
Եդ դառ՝ անցավոր՝ ա՜խ՝ ո՞ւր ես գնում,
Մի՞թե արյան ծովն՝ առաջիդ չտեսնում,
Քո խեղճ ազգի ջանն առաջիդ ընկած,
Արինաշաղախ հողումը քցած։
Մանուկն մոր դոշին, մոր ծծին
Կաթը բերնումը ձեռը նրա ծոցին,
Արինն, արտասուք, մազ ու հող, երես
Իրար շաղաղված՝ հնձած ծաղկի պես
Քուչա, ճանապարհ բռնել են, փակել,
թար ու դաշտ ու Հող արնով լվացել*
Քեզ ձեն են տալիս՝ թե որ անց կենաս
Խլղարաքիլիսեն մտնես, կամ դուս գաս,