Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվանի՝ Հայրենյաց սիրուն, հավատի խաթեր, պատրաստ են զոհ աալ իրանց կյանքն, օրեր»։

«Սելավն վրա պրծավ, գլուխդ պահի՛ր, Վարդ ջան, տուտը բաց էլավ՝ մնաս բարով՝ ղո՛ւրբան»։ «Ինձ ո՛չ սելավի, ո՛չ թրի, թվանքի, ո՛չ ամպի կայծակ, ո՛չ ֆրթնա ծովի՝ չե՛ն կարող հաղթել, քեզանից խլել։ Տե՛ս՝ սֆթա էկողն ի՛մ ֆորսս պտի ըլիլ․ թե սելի տակիցն՝ չե՛ս ուզում՝ կռվիմ՝ դուս կգամ դաշտը, մենակ կկանգնիմ, կընկնիմ նրանց մեջը կեծակի նման, դաղըթմիշ կանեմ, ինձ կտամ ղուրբան։ Յա՛ արագահաս զինավոր Սարքիս՝ քեզ եմ կանչել, դու ղվաթ տո՛ւր ձեռիս»։ Ասեց պատանին Վարդիկն Հայկազուն, ոտը վեր քաշեց թվանքի ու իսկույն ական թոթափել՝ թշնամու գլուխն ձիու ճտովն ընկավ, լիսը բացվեցավ։

Կամեցավ երկինքն՝ ամպերն հավաքի, որ էս դառն վիճակն բնավ չտեսնի, բայց արեգակի լիսն, քամու թևն[1] առան, տարան նրանց սարերի եդևն, որ տեսնին Հայոց քաջության հանդեսն, թշնամու հաղթվիլն ու նրանց սև երեսն։ Ինչպես կատաղի գազան՝ Հասան-խանն՝ թափի տակիցն դուս պրծավ, հասավ․ Շորագյալի դոշն մթնեց, սևացավ. Խլղարաքիլիսեն մխումը կորավ. հենց բռնես՝ երկինքն հանկարծ փուլ էկավ, ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր․ էսպես էր նրանց խեղճ հալը էս օր։ Տավարը մեկ կողմից քշեցին, տարան․ գեղը մեկ կողմից կրակ տվին, առան։ Ինչպես մեկ կաթիլ գարնան անձրևի՝ սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի, կամ մեկ անմեղ գառը հարիր գազանի ռաստ գա ու մնա կանգնած նրանց միջի, էնպես մնացին չորս կողմը պատած, վերևն երկինքը, ներքևն հողը սառած։ Բայց քաջ Հայկազունք սիրտ սրտի տվին, Վարդանն մեջ արած՝ իրար կանչեցին. «Մեռնինք, թո՛ղ էս օր մենք էլ միասին, որ սուրբ Վարդանի հասնինք ա՜խ՝ փառքին։ Ընկե՛րք՝ մի՛ վախիք, դուք ղոչաղ կացե՛ք, քամակ քամակի տվե՛ք, միացե՛ք, թո՛ղ՝ մեկ հող, մեկ սուր փրթի, մեզ թաղի, մինչև եդին մարդն, մեկն էլա չփախչի»։

Արեգակը կրակ դառած՝ Ալագյազի կողքիցը բարձրացավ։ Աչքերը սրել՝ երկրի մեջն էր ուզում մտնի, քարերը ճոթռի, որ պարզ տեսնի մեր ազգի քաջահաղթությունն ու տղամարդությունը։ Ամպերի գլխին բոց էր վերածում, որ չհամարձակին նրա երեսը կախին ու իրանց տեղը տազարած մնան։ Սար ու ձոր սիրտ ու գլուխ բաց էին արել, ու իրանց խոնարհությունը, իրանց ծառայությունը ցույց տալիս։ Բայց Խլղարաքիլիսեն՝ էն խավարն էր բռնել, էն շամանդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց էր տեսնում։ Թվանքի ձենը՝ թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տավարի բառանչը, գետնի թոզը ու տումանը Շորագյալու դաշտը բռնել՝ կապել էին։ Քրիստոսի խաչի ու Ալու փանջի հոգին ո՛չինչ օր էնպես իրար չէին դիպել՝ ինչպես էս սհաթը։ Հարյուր անգամ Պարսից սևագունդ զորքը զու արին. երիշ քաշեցին, ամեն անգամ էլ հարյուրով կոտորվեցան. իրանք իրանց լաշերի վրովը էլի եդ փախան. շունչ առան՝ էլի կրկին էկան, էլ կրկին մեկ բուռը խալխի թվանքի համն առան, էլի ամոթով եդ դարձան։ Ո՛չ Նազի-խանն էր կարում իր հունարը ցույց տալ, ո՛չ Օքյուզ աղեն, ո՛չ Սվանղուլի-խանը։

  1. [թևը=թևն]