Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


որ բոլոր մեջ անեին, թրի առաջը ընկածը կոտորեին, սաղ բռնածը եսիր անեին ու որքան կարելին ա՝ Հայերին արձակեին, որ քոմակ անեն իրանց, թուր ու թվանք տային, չունքի ամեն մեկը ամեն երաղիցն էլ ջուխտ ջուխտ ունեին։ Չորս Քուրդ էլ որ բռնել էին՝ Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչև մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա։ Էսպես բոլորը քսանը չորս մարդ պետք է հինգ հարիր մարդի հախիցը գային։ Լսողը չի զարմանա՝ թե ինչպես կարելի ա․ քաջությունն սրտիցն ա կախված․ մեկ էլ որ ի՞նչ կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս՝ էն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում դիմացի կռվողի շատությունը ու քչություն։ Սրանից գյուման Աղասին պատվեր էր տվել, որ հայերեն յա Թուրքերեն հեչ չխոսան, Քրդերեն հարայ տան, հավար կանչեն, ու էն եսիր արած Հայի միջումն ի՞նչպես կըլեր, որ մեկ երկու հարիր տղամարդ չըլեր, որ սուր չունեին, էնդուր համար էին խղճացել։

Հենց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամեն մարդ յարաղ ասպաբ վեր քցած՝ իր ֆորսի եդևիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը, տասնը հինգ քսան հարամու հոգին տալը, ձիանոնց խառլնվիլը ու հարամու փախնիլը մեկ էլավ։ Աղասին իր ընկերների կեսը վրեն՝ ձորի ճամփեն էր կտրել, մյուս կեսը հարիրից ավելի Հայ բաց արած՝ քամակներին քցած՝ ձորի եդևը։ Մեկ քսան երեսուն մարդ էլ վրա թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռներ եդ արին, ու էս հալևոր աժդըհեքը՝ որ կռվումն էր մազները սիպտըկել, թուր որ չտեսան ձեռներին, ասլան դառան, որը միջիցը, որը ձորի քամակիցն ու եդևիցը, էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ Աստված ո՛չ շհանց տա։ Ղարսըցի Հայերը էս ձորերի քարերն էլ ունեին համարած, ինչտեղ փշտով, թվանք էր տրաքում, յա թուր խաղում, առանց դոշի ու գլխի չէ՛ր անց կենում։ Մենակ Նազի-խ<անը> ու Օքյուզ աղեն՝ ինչպես որ էլավ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու մեկ քանի մարդով դուս փախան։ Մնացածը կոտորվել էին կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն, ոչխարի պես չոպանը կորցրած, կանգնած։ Ընչանք էսպես պահեցին մեր տղերքը, մինչև ծեքը բացվեց ու աչքդ բարին տեսնի․ տասնըհինգ Թուրքի մենակ էն չորս Քրդերն էին սպանել, տասից ավելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել ու փոր վեր ածել։ Լսողը կարելի ա զարմանա, թե ի՛նչպես է՛սքան բաներ մեկ օր ու գիշեր անց կացան։ Էնդուր համար, որ Ղզլբաշը էս միջոցումը Ղարսա վրա կռիվ էր դուս գնացել ու ասածս քսան ու մեկ թվին էր, որ սար ու ձոր, մանավանդ Անի՝ հարամի ու յաղի էր դառել45

Առավոտը լուսացավ․ էն առավոտը երանի ամեն խղճի ու տառապելո ռաստ գա։ Հինգ հարուր հոգուցը վաթսուն հոգի չէր մնացել, էն էլ ոչխարի պես մեջ արած, շատը անյարաղ ասպար։ Ձիուն, շորին, ասպաբին թիվ ու համար չկար․ լեզու պետք է ըլի որ պատմի էն փարվիլը, էն ուրախության արտասուքը, որ էս օր Անի տեսավ։ Ղարսըցի Հայք դեռ չէին հավատում իրանց աչքին՝ թե ղորդ թշնամու ձեռից ազատված՝ էլ եդ իրանց աշխարհը պետք է գնային, էնքան շշկլել էին, որ չէին էլ ա միտք