Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց սնապաշտությունն ու սուրբ Հովհան Երզնկացվո անեծքի սուրը էնպես էին նրանց սրտումը ցցվել, որ հազար քարոզ ու քյալփաթին ըլեր, չէր կարող հանել։ Աստված մի արասցե՝ որ մարդի գլուխը մեկ անգամ ծռվի․ էն ժամանակը հազար կարգավոր ու բժիշկ էլ որ հավաքվին, խեր չի անիլ, քանի դզես՝ էլի կծռվի, ու վերջը թե զոռ արիր իսպառ կկոտրվի։ Գիժն՝ ասած ա՝ մեկ քար քցեց ծովը․ հազար խելոք վրա թափեցին, չկարացին հանիլ։ Աղասին տեսավ ասածը չվանի վրան չեն դնիլ, զուր տեղն անց կկենա, քաշվեց մեկ ղրաղ, աղլուխը դրեց աչքին ու բերանը բաց արավ․ «փառքդ շատ ըլի՝ ո՛վ արարիչ Աստված՝ էլ ո՞ւր ենք ասում, թե մարդ Քո սուրբ հոգին ունի, Քո պատկերն ա, որ քարից էլ շատ անգամ միտքը պինդ ա, գլուխը հաստ։ Գող ու ավազակ էստեղ տարերով բուն են դրել, էլի քո երկիրը նրանց տակով չարել, վրեն պահել ա, հենց մեր ազգին ա քո զուլումը հասել, որ չես թողում իրանց աշխարքը շեն անեն, քո սուրբ անունը փառաբանեն, կյանք ազատեն ու կյանք վայելեն։ Չէ՛ ամենակալ Արարիչ, դու քո ստեղծվածը, քո որդին էդքան չես անարգել, չե՛ս ոտնահարել, մարդս որ ծնվում ա, մեկ գունդ մսից ավելի՝ էլ ոչինչ չե՛նք տեսնում․ տարիք են անց կենում, որ քիչ քիչ ոտն ա ըլում, քիչ քիչ լեզու, ուշ ու միտք գալիս, ձեռը բերանը տանիլը ու դարդակ հաց ուտելն էլ ա, հաց դատիլը չե՛մ ասում, սովորում։ Բայց վայ էն էրեխին, վայ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ խավար կտեսնի։ Աչքը բաց դուզ ճամփեն կըթողա՝ քարեքար կընգնի։ Վայ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի ունենալ, որ նրան հոգի տա և ո՛չ հոգին էլ հանի։ Երաբ որ լավ կարդացող էր էլել, երեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ՝ գիշեր ցերեկ խրատ էր տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կըլեր, է՞ստեղ կընգներ։ Սարի հայվանն էլ մեզանից լավ ապրում, հարամուց, ֆորսկանից յա փախչում, յա վրա թռչում, կտրատում, գլուխը պահում․ ծտի բունն էլ որ քանդում ենք, ջժվժում, թևին գլխին անում։

Մենք ծտի ղդար էլա չկա՞նք, որ մեր բունը պահենք։ Ի՞նչ օգուտ էն գիրքն ու ավետարանը, էն խաչն ու երկրպագությունը որ մենք չենք հասկանում։ Գետնի տակին էլ շատ գանձ կա, մեզ ի՞նչ։ Ա՜խ, մեր կարդացողներ, մեր կարդացողներ, ի՞նչ կըլի՝ որ ինչքան ժամանակ քնի, քեֆի հետ են անց կացնում, ավելի փողի թամահ անում, էսպես բանի թամահ անեն, մեզ լուսավորեն, իրանք էլ թշնամուց, հարամուց ազատվին, մեզ էլ ազատեն։ Մարդս մեկ անգամ է աշխարք դալիս, էնպես պետք է անի, որ դուս գալիս, էս դինումը անունը հիշվի, տոնվի, էն դինումը հոգին փառավորվի, լսի փայ ըլի։ Բայց ի՞նչ օգուտ՝ որ ասածս քարերն են իմանում։ Ասենք՝ թե տգետ խալխը էսպես բանը լսել, ասում ա․ կարգավորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատություն տալիս, թե էսպես հրաշալի քաղաքը անեծքով ա կործանվել։ Առաջինը՝ սուրբ մարդի բերնից՝ անեծք, դառը խոսք չի պետք է դուս գա, դուս էլ եկավ, Արարիչ՝ երեսս ոտիդ տակը, դու պետք է մեկ մարդի խաթեր միլիոն հոգի կորցնե՞ս։ Թե պետք է կորցնեիր, ընչի՞ ստեղծեցիր։ Ա՜խ՝ հազար էսպես ցավեր կա սրտումս, ամա բերանս փակում են, չեմ կարում ասիլ»։