Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու զորություն տվողը երկինքն էր, և ո՛չ իր ձեռի հունարը։ Ազնիվ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մեկ Հայի տղի ճակատը էնպես համբուրեց, ինչպես իր նամազի քարը, դոշին քաշեց, էլ եդ գլուխը ձեռն առավ, էլ եդ համբուրեց ու իր քաջության բոլոր ըխտիտրը նրան խոստացավ, որ հետը գնա Ղարս ու իր ձեռի տակին մնա։ Աղասին ընկավ փաշի ոտը, շնորհակալություն արեց ու ասեց, որ աշքարքի թագավորությունն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի՛, նրա միտքն էն ա, որ Անի շինություն քցի։ Ի՞նչն էր փաշի ձեռին հեշտ՝ քանց էս․ միմիայն խնդրեց՝ որ հմիկ հետը գնա Ղարս՝ ոտը խաղաղվի՝ էն ժամանակը նրա բոլոր մուրազը կկատարի. ինչքան տուն, մալ, ապրանք ուզում ա՝ կտա ու ինքն էլ հետը քոմակ կանի։ Արտասունքն աչքերը լիքը՝ կրկին ընկավ Աղասին փաշի ոտը․ «էս գլուխը՝ որ ինձ էլ պետք չի, էս դոշը՝ որ հազար անգամ կրակումն էրվել խորովվել ա, էս ձեռը՝ որ հազար անգամ ուզել ա, իր թուրն իմ սիրտս խրի՝49) բոլոր, բոլոր քեզ մատաղ՝ փաշա․ յա՛ էս սհաթին ինձ սպանի՛ր, յա ասածդ արա՛, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շեն տեսնիմ, եդո գետինը մտնիմ»։ «Անխավատ Աջամ» քրդստանցիք հազար տեղից ձեն տվին․ «ծո՝ ի՞նչ կզրուցե, ծո՝ գիր չգինա՜, կարդալ չգինա՜, փաշություն կտան, հմլա էլ իր սազ կածե։ Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ գա, բուն դնե։ Շիդակ աջամ, աջամի լաճ, ի՞նչ կուզես, էրե՛, ագլոր մագլոր չի խաբցնիլ, հմլա կբոռա, մեր ճետ խանչեց (մեր ագլորը կանչեց)»։

Խնդալով, պար գալով՝ ղարսցիք էլ եդ իրանց հողը մտան․ ա՜խ քաշելով, աչքը սրբելով՝ Աղասին Անի թողեց։ Փաշի կողքին հազար խոսք, գովասանություն անկաջն էր ընկնում, հենց գիտես՝ քառացել էր։ Հազար անգամ շուռ էկավ․ էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երևում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դոշին խփում էր, ա՜խ քաշում, կրակ վեր ածում։ Հենց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն ու Անին պետք է աներևութանար, էլ չկարաց իրան պահիլ, թուլացավ, ձիուց վեր ընկավ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, Անու վրա ու գոռաց․

Յա՛ ա՛ռ իմ սիրտս, յա տո՛ւր ինձ հունար՝
Ո՛վ դու երկնային ստեղծող բարերար,
Յա իմ հոգիս էլ հանի՛ր, քեզ մոտ տար,
Ցա քո երկընքիցդ արա՛ ինձ մեկ ճար։49)

Քանի շունչս վրես ա, քանի ձեռքս գլուխս,
Կրակ էլ որ թափես, խորովես իմ սիրտս,
Էլի իմ հոգիս ուրախ քեզ կտամ,
Թե Անու միջումն իմ մարմինս թողամ։

Աչքե՛ր քոռացե՛ք, բալքի թե էլ բաց
Չտեսնիք դուք Անու լուսահողն օրհնած,
Բալքի թե մեռնիմ էս դարդովն էրված,
Հողս էլ ա հողին չմնա կորած։