Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թո՛ղ հոգիս դժոխքը գնա, խորովվի.
Իմ սուրբ նախնյաց տեղ իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մեկ քարի տակի
Ըլի քո ծոցումն՝ ինձ դրախտ պետքը չի։

Թո՛ղ էն անեծքը որ քեզ են տվել,
Բանան անդունդը կուլ տան ինձ սաղ էլ․
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին էլ ես չե՛մ կարոտիլ։

Սուրբ Երզնգացի, սուրբ Երզնգացի,
Պարծեցի՛ր թե ես չե՛մ շինել Անի.
Անեծք էն վախտը թրի, կայծակի
Պես թո՛ղ ինձ էրեն, իմ հոգիս տանջվի։

Ջանս ձեզ ղուրբան, ա՛յ սուրբ քար հողեր,
Տաճարք, ապարանք, պարիսպ, տապաններ,
Թե մուրազս սրտումս պետք է մեռնի, մնա,
Էս չոքած տեղս թո՛ղ ջանս քարանա։

Քարացած տեղիցս կանգնիմ ու ասեմ,
Ամեն անցնողին եդևից կանչեմ․
Քարացած լեզվով վա՜յ տամ, աղաչեմ,
Ո՞ւր եք գնում, թողում, ձեր նախնյաց տեղն եմ։

Առավոտը էն ա լսին էր տալիս՝ որ իշխանն և քաջահաղթն գեներալ մայոր Մատաթովն վեր կացավ, Շամքոռա դզին մտիկ արեց, զորաց ինչ հրաման ուներ տվեց, ու ինքը արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու Հայերի իշխանները քամակը քցած, օրդվի չորս կողմովը պտիտ տալով՝ մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբնով, որ թշնամին հանկարծ վրա չտա ու իր պատրաստությունը տեսնում էր։ Զորքը ղորթ ա շատ քիչ էր, ամա Մատաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ Աստուծո տեղ պաշտում էին, որ Ղզլբաշի հոգին ջուր էր կտրում, անունը լսելիս, ու իր հավատարիմ ազգը՝ արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փեշումը, հազիր վառված քամակին որ տուն, տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դալվաթ թշնամուն յա գերի տան, յա Ռսի թուրը նրանց աչքը խրել տան։ Զոռը խփեցին, առավոտյան աղոթքն արին, բայց մեկն էլ ա դեռ չէ՛ր գիտում, թե ո՞ր կողմովը գնան։ Ղզլբաշի զորքն Գյանջա, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագյալ էն, էս կսղմիցը Աբաս-միրզեն, էն կողմիցը Հասան-խանը քանդելով, ավերելով էկել՝ հասել էին Թիֆլիզ՝ որ գնան Պետրբուրգ. ինչպես որ տեսանք, սհաթե նհաթ աչքը կթած ուներ, թե Աղա Մամադ-խանի կրակը որդիանց որ ա էլ կրկին իր գլխին կթափի։ Երմալովն ինչ հնար, ճարտարություն ուներ՝ գործ դրեց։ Մատաթովը պետք էր Վրաստանու փրկիչը լիներ, ու ցույց տար աշխարքի թե Հայոց հողումը իրանց հին հսկայության