Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜խ՝ շունչս քաշելիս կրակ է դուս գալիս,
Աչքս խփելիս, բերանս բանա՛լիս,
Ա՜խ ու ո՜խ ու լաց ամպի պես խառնվում,
Էրում, խորովում, օրս խավարացնում,
Ա՜խ ի՞նչ օգուտ որ սիրտս ա իմանում,
Աչքս չի՛ տեսնում, հոգիս մխիթարվում.
Ընչի՛ ձեր թևի տակին չծնեցի,
Ընչի՛ ձեր շունչը ես էլ չլսեցի․
Որ վեհ Շահնշահն, կամ Մեծն Սմբատ,
Ինձ էլ ասեր թե՝ որդի ա հարազատ,
Տե՛ս էս դաշտումը ես քեզ պահեցի,
Տե՛ս էս հողումը քեզ մեծացրի.
Շունչդ տո՛ւր, հոգիդ, բայց քո հայրենիք[1]
Մի՛ տար, թշնամյաց,[2] ու անաշխարիկ
Ընկնիլ սարե սար, լինիլ չարաչար
Ծառա օտարաց, կամ գերի անճար։ —

Փակի՛ր երեսդ՝ Աստվածասեր Հայ.
Վա՜յ մեր խեղճ օրին, մեր արևին վա՜յ․
Ամպել ա երկինքը, կայծակին տալիս,
Սար ու ձոր գոռում, հառաչում լալիս։
[3]Էլ ինչ ես կանգնել ձեռդ ծոցումդ.
Մնացել շվարած շունչդ բերնումդ.
Փախիր, գլուխդ ա՛ռ, կորի՝ որ պրծնիս,
Էս հեղեղին դու ինչպես դեմ կընգնիս։
Ա՜խ ինչպե՞ս էսօր դու գլուխ բարձրացրիր
Բարի արեգակ՝ երեսդ հանեցիր,
Ա՜խ ինչպե՞ս[4] սիրուն աչքդ չխփեցիր.
Ու էդպես հանդարտ երկար, կանգնեցիր.
Որ վկա լինիս անիրավ գործքի,
Որ լիս տաս խավար[5] անողորմ սրտի
Ու խեղճ Հայերի արինն ու ջանը
Էրված տան ծուխը, փակված բերանը,
Կտրատված լաշը, սուգ ու շիվանը
Լսես,[6] տեսնիս, գնաս էլ եդ քո բանը։
Անողորմ երկինք՝ ինչպե՞ս դուք թողիք,
Ո՞ւր ձեր ամպը, կայծակը էս օր պահեցիք
Չարի սուրը տեսած՝ դուք պապանձվեցիք,
Ու փուլ չի՛ էկաք ձեր տակով չարիք։
Ապառաժ գետին, անկուշտ հողի փոր,
Հենց անմեղ արին կուզեիր էս օր.

  1. հայրենիքդ = հայրենիք
  2. [լինել]
  3. [Թե]
  4. [քո]
  5. [հոգու ու]
  6. [ու]