Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռչին, տեղվետեղ կրակ դառնան, մեր մազին չեն կարալ դիպչիլ։ Մեր ոսկոռները Ղարսա սարերումն ա պնդացել, սրանք ո՛վ են, որ մեզ դեմ կենան։ Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չտան, մեր տղամարդությունը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ։ Լավ նայեցե՛ք՝ որ սելերը ղայիմ ըլին։ Մեկ դասթեդ գնա գեղի էն կողմը, մեկը էս կողմը. թե կարաք՝ մեծ ու պստիկ խառը կանգնեցեք, որ թշնամին հենց իմանա՝ թե մենք շատվոր ենք ու սիրտ չի՛ անի, մոտանա։ Ես իմ դասթովը ճամփի առաջը կկտրեմ, առաջի դուս էկողի ճակատը էս գյուլլին ղուրբան կանեմ, որ հրես քցում եմ։ Ղորդ ա շատ օր մտիկ արինք, չէկան, ամա էս գիշեր ինձ սուրբ Սարքիսն էրևաց՝ ծառա եմ նրա սուրբ զորությունին՝ ու ինձ ասեց՝ որ մեր գլխի թադարեքը տեսնինք։ Սուրբ Սարգսի անունը տվեք, աղոթք արե՛ք՝ հրես աղոթարանը որտեղ որ ա, կբացվի։ Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել, մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք։ Հայ չե՞նք. Հայի Արարչին մեռնիմ, նրա ամեն մինը մեկ սարի բարեբար ա։ Էլ վախտ մե՛ք կորցնիլ։ Կապրինք էլի մեր հողումը՝ մեր[1] օղլուշաղի հետ կխնդանք, կմեռնինք, էլի մեր ննջելոց հողի վրա արին կթափենք։ Վարթանա թոռները չե՞նք։ Տրդատա արինը չի՛ մեր սրտումը։ Տիգրանի շունչը չի՛ մեր բերնումը։ Սար ըլեր, կհալչեր, էլի մենք, Հայերս չե՞նք՝ որ ամեն տեղ անուն ունինք. մեր հավատը ամեն տեղ գոված ա։ Մեռնիմ ձեր արևին, էնպէս մեկ քաջություն անենք էս օր՝ որ աշխարհն ամենայն զարմանա։ Դե ելե՛ք՝ Սմբա՛տ, Աշո՛տ, Տիգրա՛ն՝ տեսնիմ՝ թե ինչպես էսօր ձեր անունի լայաղ՝ ձեր հունարը ցույց կտաք։ Էսպես անուն ունեցողը՝ սար ըլի առաջին՝ պետք է վրովը թռչի, ծով ըլի՝ պետք է ոտնակոխ տա. ո՞ւր մնա էս թուլ Աջամը՝ որ ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ, ո՛չ օրենք։ Մեկ մարդ որ մեռոն չունենա ճակատին, նրանում ի՞նչ զորություն կըլի։ Մեր ձեռը որ թուլանա, Աստծո հրեշտակը, սուրբ Լուսավորչու բարեխոսությունը մեզ քոմակ կըլին, էնքան ա մեր հավատի զորությունը։ Տերտեր ջան, վե՛ր կաց, ամենիս էլ սրբություն տո՛ւր, դրա զորությունին ղուրբան. մեռնինք, հոգվո փրկություն ա, ապրինք, մարմնո առողջություն։ Խոստովանության վախտը չի՛։ Աստված ինքն էլ գիտի՝ որ մեր սիրտը արդար ա։ Թե մեռնիմ, ինձ թաղեցե՛ք, իմ հոգուս հացը տվե՛ք. ու էս ջիվան որդուս պահեցե՛ք.[2] հինգ որդի ունիմ, իրեք ախպեր, վեց օխտը ախպոր զավակ, հարսն ու թոռը, ամա իմ աչքի լիսը սա ա էլել։ Ամենիցը առավել սրան եմ ուզել։ Ա՜խ թե գիտենաք սա ի՞նչ ցեղից ա։ Վա՜յ, ի՞նչ ասեցի, դուք լավ գիտեք։ Սա մեր քաջ նահատակի՝ Վարդան Մամիկոնյանի ազգիցն ա։ Էրեխա էր՝ որ հերն ու մերը մեռան, ես վեր առա, ինձ որդի շինեցի. ու ինձ որդուց առավել համ տվեց։ Ջուրը որ քցեի, կընկներ, կրակը՝ ձեն չէ՛ր տալ։ Տեսնում եք էս լեն ճակատը, էս պարթև բոյը, էս արծվի աչքերը, էս գեղեցիկ պատկերը։ Լսե՞լ եք սրա անուշ լեզուն, եկեղեցին մտնելիս հենց իմանաս, հրեշտակ է մտնում, մեր մեջը դուս գալիս, հենց բռնես, արեգակ է ծագում։ Ա՜խ՝ ամեն մեկ սրան մտիկ տալիս, ամեն մեկ սրա ձենը լսելիս՝ էնպես եմ իմացել, թե սուրբն Վարդան առաջիս կանգնած ա։ Տերտե՛ր

  1. [պապերի հետ]
  2. [իրեք]