Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար օգտագործված են արխիվային օժանդակ նյութեր, առանձին բանաստեղծությունների մասին լրացուցիչ տեղեկություններ տրված են ծանոթագրությունների բաժնում։

Աբովյանի ստեղծագործությունը, նրա լուսավորական գործունեության հետ միասին, արտացոլում է հայ ժողովրդի պատմական զարգացման նոր փուլի հասարակական առաջավոր տենդենցները, որոնք հող են պատրաստում 60–ական թվականների ազգային-լուսավորական շարժման համար։

Աբովյանը ստեղծել է նոր բովանդակությամբ հագեցված հարուստ և բազմաժանր պոեզիա. նա գրել է էլեգիաներ, ներբողներ, ձոներ, պոեմներ, խոհական բնույթի բանաստեղծություններ, սիրո և բնության երգեր, առակներ, բայաթիներ և այլն։ Դուրս գալով կլասիցիզմի նեղ շրջանակներից, Աբովյանը գրականությունը մոտեցրել է կյանքին, նրա հասարակական պահանջներին։ Բացասելով կլասիցիզմը, նա գրականության մեջ հաստատում է ռոմանտիզմը, որը բերում է իր հետ ռեալիզմի զարգացման տենդենցը։

Աբովյանի բանաստեղծությունները գրված են հայ լեզվի զարգացման այնպիսի մի էտապում, երբ տեղի էր ունենում նոր լեզվի կազմավորման պրոցեսը։ Աբովյանի լեզվի մեջ նկատվում են այդ անցման շրջանի բնորոշ գծերը՝ գրականության մեջ աշխարհաբար ձևերի կիրառում, գրաբար ձևի մեջ աշխարհիկ մտածողության տարրերի արտացոլում, և այլն։ Աբովյանի բանաստեղծությունների մեջ երևում է գրական նոր լեզվի ձեավորման պրոցեսը։

Աբովյանի ուղղագրությունը կապված է նոր գրական լեզվի ձևավորման շրջանում նկատվող առանձնակի երևույթների հետ։ Աբովյանը սահմանում է կանոններ, որոնք հետագայում մտնում են մեր ուղղագրության մեջ, սակայն Աբովյանի ուղղագրության մեջ կան և չպատճառաբանված ձևեր, որոնք աղճատում են նախադասությունը, միտքը. դա վերաբերում է հատկապես տրոհման նշանների անկանոն գործածությանը, բազմաթիվ կետերին, վերջակետերին, բութերին, որոնք դրվում են ածականից հետո ենթակայի մոտ և այլն։ Տեքստերում կան համաձայնության խախտումներ, անուշադրության հետևանքով ստեղծված սխալներ, նույն բառերի, հատուկ անունների գրության տարբեր ձևեր և այլն։ Տեքստերում պահպանված է Աբովյանի ուղղագրությունը։

Տեքստի միասնությունը պահպանելու համար յուրաքանչյուր տողի սկզբնատառերը գրված են մեծատառով։ Աշխարհաբար բանաստեղծությունների մեջ պահպանված է նոր ուղղագրությունը։ Բանաստեղծությանների տեքստը բնագրերի հետ համեմատել է ընկ. Վ. Փոթեյանը:

10