Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի դարդ անիր, սի՛րտ արա,
Ի՞նչ ես կրվում, սիրտ արա.
էդքան տանջվիլ պետքը չի՛,
Ինչ ասում են՝ սիրտ արա։

Բարեկամիդ հետ մեկ տեղ
Թող քեզ սպանեն՝ ախ՝ մեկտեղ,
Անբարեկամ որ մեռնիս,
Հողն էլ չի տալ քեզ մեկ տեղ։

Ախ սառն է սառն էս գետին
Ջիգյար չունի, մեր սրտին
Թուր է խփում, ու տանում,
Մեր թոզը տալիս է՛ս գետին։

Անի՛ , Անի՛, ա՜խ՝ Անի,
Քանդողիդ տունն քանդվի,
Քեզ որ ազգը չպահեց,
Մեկ լաց ընող ի՞նչ անի։

Ախ՝ իմ արևս մտավ մեր,
Մնացի անհեր, անախպեր.
Դու էիր կյանքս ու արևս
Դու էլ գնացիր՝ այ իմ մեր:

Մնացել եմ մէկ էրում,
Ախ քաշելով ինձ սպանում.
Թե չես դարդիս վրա հասնիլ,
էլ ո՞ւր ես՝ ախ՝ ինձ էրում:

Երեսդ բա՛ց, ե՛դ տար,
Երբ ուզենաս, հոգիս ա՛ռ,
Թող ես մեկ հողը՝ ախ՝ մտնեմ,
էն վախտը սերն էլ եդ տա՛ր։

Տար էդ հավին՝ այ ուրուր,
Աշխարքս դանակ ա ու սուր։
Զոռ մարդի թուրն ա կտրում,
Խեղճն ո՞ւր կորչի, ախ՝ ո՞ւր, ո՞ւր։

Ինձ էրեցիր տակետակ ,
Աշխարքիցս իմ հիշատակ
Կտրվել ա, փչացել,
Ես մնացել եմ ծովի տակ։