Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մ. Աղաբեկյանի դեպի Աբովյանն ու նրա թողած գրական ժառանգությունն ունեցած բուռն հետաքրքրությունը իր գործնական արտահայտությունն է ստանում նաև նրանով, որ 1862 թվին նա, իր իսկ միջոցներով, առանձին գրքերով լույս է ընծայում «Նախաշավիղ կրթության» դասագրքի երկրորդ վերամշակված վարիանտը, իսկ 1864-ին՝ «Պարապ վախտի խաղալիք»-ը։

«Կռունկ»-ի հետ միասին և նրան զուգահեռ Աբովյանի ստեղծագործության պրոպագանդայով զբաղվում է նաև «Մեղու Հայաստանի» պարբերականը՝ հաջորդաբար հրատարակելով «Հազարփեշեն» երգիծական պոեմը (1864 թ.), «Ագնես» արձակ նամակաձև թարգմանական երկը (1864 թ.), «Ազնվամտություն և շնորհակալություն» զրույցը (1864 թ.), մի շարք բայաթիներ (1864 թ.) և այլն։

1864 թվից հետո մինչև 1897 թվականը՝ շուրջ 33 տարի Աբովյանից ոչինչ չհրատարակվեց։

1897 թվին, Ս. Տեր-Սարգսյանի խմբագրությամբ և Ի. Ժամհարյանի հրատարակությամբ, Մոսկվայում լույս տեսավ Աբովյանի երկերի միհատորյակը։

Այս հրատարակությունն իր ժամանակի համար նվաճում էր. նախ այն իմաստով, որ ընդգրկում էր երկերի զգալի քանակություն, ամփոփելով համարյա այն ամենը, ինչ լույս էր տեսել մինչ այդ, ինչպես և այնպիսի գործեր, որ դեռևս չէին տպագրված։ «Ֆեոդորա, կամ որդիական սեր» դրամատիկական երկը, բայաթիները, մի շարք բանաստեղծություններ և այլն առաջին անգամ տպագրվեցին այդ ժողովածվում։ Միհատորյակը ուշագրավ էր նաև այն տեսակետից, որ այստեղ վերականգնված էին առաջին հրատարակության ժամանակ «Վերք Հայաստանի»-ի տեքստից ցենզորի հանած այն արժեքավոր հատվածները, որոնց մեջ հեղինակը խարազանում էր հոգևորականությանը։ Եվ վերջապես, այս հրատարակությունն ուներ ընդարձակ կենսագրական ակնարկ և բառարան՝ Քանաքեռի բարբառի։

Յոթը տարի անց՝ 1904 թ. Խ. Աբովյանի որդի Վարդան Աբովյանի այրի՝ Կատարինե Աբովյանը ձեռնարկում է Աբովյանի անտիպ երկերի հրատարակությունը, սակայն նրան հաջողվում է լույս ընծայել միայն մի փոքրիկ գրքույկ «Անտիպ երկեր» խորագրով, որի մեջ մտնում են երկու գործ՝ «Թուրքի աղչիկը» և «Բարեկամի մոտ» ակնարկները։

Բաքվի Մարդասիրական Ընկերության հրատարակությամբ 1908 թվին լույս է տեսնում «Վերք Հայաստանի»-ն, որը այդ երկի երրորդ հրատարակությունն էր։

1912 թվին լույս է տեսնում «Հազարփեշեն» երգիծական պոեմը։ Եթե վերոհիշյալների վրա ավելացնենք մամուլում հրատարակված «Թիֆլիզի հայոց հանգստարանը» («Տարազ», 1914, № 1), «Առաջին սերը» («Գեղարվեստ», 1917) և մի քանի ոտանավորներ, հապա՝ 1858 թվից մինչև 1920 թվականն ընկած ժամանակահատվածում Աբովյանի լույս տեսած երկերի ցանկը համարյա լրիվ կլինի։

Սովետական շրջանում Աբովյանի գործերի հրատարակության ուղղությամբ զգալի գործ կատարվեց։ 1939 թ. լույս տեսավ «Վերք Հայաստանի»–ն, նույն թվին տպագրվեց «Դիվան Խաչատուր Աբովյանի» ստվար գիրքը՝ կազմված և ծանոթագրված ֆիլոլոգիական գիտությունների դոկտոր Ե. Շահազիզի կողմից։ 1940 թվին լուսատիպ հրատարակությամբ տպագրվեց «Նախաշավիղ»–ի առաջին վարիանտը,

6