Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որի միակ հրատարակությունից, ինչպես ասվեց, պահպանվել էր մի օրինակ միայն։ Այս աշխատությունը տպագրության էր պատրաստել ընկ. Ռ. Զարյանը։ Նույն 1940 թվին Հայպետհրատը ձեռնարկեց Աբովյանի ընտիր երկերի հրատարակությանը, որից լույս տեսան միայն առաջին և երկրորդ հատորները՝ Ռ. Զարյանի ծանոթագրություններով։ 1941 թվին Հայպետհրատը ստեղծեց «Աբովյանի գրադարան» սերիան։ Այդ սերիայով մասսայական ընթերցանության համար տպագրվեցին հեղինակի մի շարք երկերը. «Բայաթիներ», «Բանաստեղծություններ», «Ընթերցարան», «Թուրքի աղչիկը», «Հազարփեշեն», «Առակներ» և այլն։

Վերոհիշյալ հրատարակությունների մեջ առաջին անգամ տեղ գտան Աբովյանի մինչ այդ անտիպ և անհայտ այնպիսի երկեր, ինչպես «Պատմություն Տիգրանի» մանկավարժական մեծածավալ վեպը, «Ամերիկու լիս քցիլը» գիտա-գեղարվեստական երկը, բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններ, զրույցներ, հոդվածներ, ճառեր, նամակներ և այլն։

Սա, իհարկե, զգալի առաջադիմություն էր Աբովյանի թողած ժառանգության յուրացման ասպարիզում, սակայն այդ ժառանգության մի զգալի մասը տակավին մնում էր անտիպ։

Հայկական ՍԱՌ Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտն իրեն խնդիր է առաջացրել հեղինակի անհետացման 100-ամյակի կապակցությամբ պատրաստել ու հրատարակել Աբովյանի ողջ ժառանգությունը, որը ընդհանուր թվով կազմում է մոտ 250 մամուլ։

Աբովյանի երկերի գիտական հրատարակությունը ունի իր յուրահատուկ դժվարությունները։ Նախ, հեղինակի երկերը բազմալեզու են. հայերեն (աշխարհաբար, գրաբար), գերմաներեն և ռուսերեն։ Ապա, հեղինակին զբաղեցնող խնդիրները բազմապիսի են (գրականություն, մանկավարժություն, ֆոլկլոր, լեզվական-քերականական հարցեր և այլն), նույնքան էլ բազմապիսի են նրա գրական ժանրերը։ Մյուս կողմից հայտնի է, որ հեղինակի հսկողությամբ կամ մասնակցությամբ համարյա ոչինչ չի հրատարակվել, իսկ հետագա հրատարակությունները դեռևս չեն կարողացել ընդգրկել նրա ողջ ստեղծագործությունն ու թերի են տեքստաբանական տեսակետից, ուստի և չեն կարող օգտակար լինել այս հրատարակության համար։

Եթե վերբ ասածների վրա ավելացնենք նաև այն, որ Աբովյանի երկերը գրված են հայ լեզվի զարգացման այնպիսի մի էտապում, որը կարելի է անվանել կազմավորման շրջան, մի շրջան, երբ մեր լեզուն իր ուղղագրական և կետադրական կանոններով դեռևս չէր կայունացած, հապա ուրեմն հասկանալի կլինի, թե իրոք որքան բարդ է ու պատասխանատու այս ձեռնարկությունը։

Բարեբախտաբար չնչին բացառություններով պահպանվել են Աբովյանի ինքնագրերը, որոնց վրա և հիմնվում է այս հրատարակությունը։

Աբովյանի արխիվը Գրական Թանգարանի հազվագյուտ հարուստ արխիվներից է։ Եթե մի կողմից Աբովյանի ստեղծագործություններին վիճակվեց դժբախտ ճակատագիր այն իմաստով, որ հեղինակի կենդանության ժամանակ դրանք չհրատարակվեցին, հապա, մյուս կողմից, դրանք բախտավոր եղան, քանի որ հեղինակի ժառանգների հոգատարության շնորհիվ, պահպանվելով անվթար մինչև մեր օրերը և այժմ դառնալով հանրային սեփականություն՝ ընդմիշտ ապահովվեցին։ Աբովյանի արխիվում եղած ձեռագրերի մեջ կան այնպիսի բացառիկ արժեքներ, ինչպիսիք են՝ «Վերք Հայաստանի» վեպի երկու

7