Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծեքը բացվելիս մենք լուսաթաթախ,
Արևն մտնելիս՝ մենք շաղաթաթախ.
Քո անուշ հոտին կարոտ մնացինք.
Քո ազիզ հոգուն մենք հոտ չտվինք:
Որ անուշ քնի անուշ Աղասին,
Անուշ վեր կենա վարդի սիրելին.
120 Ձեռն սիրուն նա զլվի ճտովը քցած,
Ա՜խ՝ Նազլու, Նազլու, աննման Նազլու,
Դու մեզ պահպանիր՝ գովելի Նազլու,
Մենք չե՛նք թառամիլ՝ նազելի՛ Նազլու»։
Նազլո՛ւ իմ, Նազլու, աննման Նազլու,
Սիրտս խորո՛վի, անուն՛դ հիշելով.
Նազլո՛ւ իմ Նազլու, հրաշալի՛ Նազլու,
Աղասին քե՛զ տա իր ետին բարով։
Սարերի դոշին, ձորերի միջին,
Վա՜յ գլխին տալով քո խեղճ Աղասին։
130 Երեսիցդ զրկված, քո սերովն մաշված,
Տատրակի նման փշի վրա նստած։
Լիզեմ հող, գետին, այրիմ, մղկտամ,
Կամիմ օր առաջ ախ՝ որ հոգիս տամ։
Երբ մահն մոտանա իր սառը թևերով,
Հոգիս պահանջն, որ տանի շուտով։
Էս դառն աշխարքիցս ախ՝ ինձ ա՛զատի,
Ոսկերքս անա՛սնոց կերակուր անի։
Կամ երբ գետի ափն նստա՛ծ, շվարած,
Աչքերս նվաղին՝ թմբրած՝ սասանած։
140 Գլորիմ կատաղի գետի փրփրի մոտն,
Ա՜խ, ո՜խ քաշելով՝ պարզեմ ես իմ ոտն։
Կամիմ գերեզմանս, որ էս ջուրն ըլի։
Էս սառը պատ՛անն ինձ հողը տանի։
Իմ սև օրերըս էլ երկար չքաշեն,
Ձկունք ու թռչունք իմ լաշըս ուտեն։
Գետն իմ արտասունքս տանում ա թողում
Ինձ կրակի միջում էրում, խորովում։
Կամ մեկ քարա՛փի բաշից նայելով,
Աչքս մեր տան ծուխն հանկարծ տեսնելով,
150 Քո անուշ երեսն ինձ փակ մնալով,[1]
Նազլու, իմ Նազլու, անո՛ւշ իմ Նազլու,
Թեքիմ, ու հանդարդ գա ինձ քուն մահու։
Գլուխ իմ տատանի, լինիմ ուշագնա,
Ձորն իմ առաջիս իր բերանը բանա։
Երևի աչքիս՝ թե անդունդը խոր
Մոտ է ինձ ղրկել, տանիլ իր լեն ձոր։

  1. ա՜խ ոչ տեսնելով