Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Շատ անգամ պարապ ժամանակս միտք էի անում, էնպես մեկ բան գրեմ, որ մեր խալխի սրտովն ըլի, բայց չէի գիտում թե ինչ լեզվով գրեմ։ Մեր գրաբար լեզուն անգին է, նմանը չունի, ինչքան լեզու, էլ որ դիտեմ, մեկն էլա էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի. բայց մեր վատ բախտիցը հազարիցը մեկը չի հասկանում, ինչ պետք է արած։ Երանի էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ։ Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի ու մինչև էն ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սա՞ղ կմնա, թե չէ։

Էս մտածելով ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու էն֊ դուր համար աշխարհաբար գրեցի։ Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում, իրենց սիրտը մխիթարում. ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անցկացնի։

Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում։ Կարելի է, ես սխալվում եմ, բայց բնական է, մարդ միշտ էն բանը կսիրի, որ իր սրտովն ըլի։ Եվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու գուռնեն մեր ականջին ավելի ա դիր գալիս, չունքի էրեխությունից էնդուր ենք սովոր։

Շատ բաներ էսպես գրել, հազիր էի արել աշխարհաբար, բայց էլի սիրտ չէի անում, որ լիս քցեմ։ Վախենում էի, թե ժամանակս, փողս կորչի, դիրքս էլ մեկ տեղ թողումը վեր ընկած մնա, փթի։ Բարեկամ մարդիք որ վախտ վախտ տեսան, խորհուրդ տվին ինձ, թե շատ լավ կըլի, որ տպիլ տամ։ Իրավ՝ թե որ մուրազս տեղ հասնի ու գրածս ազգին դիր գա, որքան բախտավոր կըլիմ։ Էն ժամանակը ջանք կանեմ, որ դհա լավ բան գրեմ, թող էս առաջինն էսպես ըլի։

Կարդացողը ինքն էլ լավ կիմանա, որ էս գրած բաները ավելի ուրախության համար են, էն պատճառավ բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքեր թարգմանածներս էլ էնպես եմ դուս բերել, որ մեր խալխի սրտովն ըլի։ Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայր հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղ ու տաղը։ Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն։

Աղասու մեկ քանի խաղը, որ էստեղ մեջ եմ բերել, կարելի է՝ թե շատ մարդ չիմանա, թե նա ո՞վ էր։ Աղասին մեկ ջահել, ռաշիդ քանաքռցի հայ էր: Ղզլբաշի ժամանակին սովորություն կար, որ աղչիկ էին քաշում։ Մեկ օր էսպես աղչիկ քաշելիս՝ կտրիճ Աղասին դուս էկավ, մեկ երկու թուր-