Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էս ներքևի դրած ոտանավորը էնպես մարդի վրա է գրած, որ ո՛չ գիր գիտի, ոչ գրի զորություն, ու գրողի վրա էլ բերանը կցրվի։ Իմ աշխարհաբառ գրածների գլուխը՝ շատ անգամ է էսպես բան տեսել, մարդի միտք չեն հասկանում, հենց իրանց իրանց խոսում են։ Մեկ օր էլ մեկիցը էսպես բան իմացա, ու ի՞նչ պետք է արած, լավ կըլի, որ դերձիկն իր գազը, մաշեկարն իր բիզը, փինաչին իր ճոնդը, փռնչին իր գունդը՝ լավ ճանաչեն, տեղները ծանր նստին, ամա չի ըլում. Ինձանից խրատ չի հասնիլ, ամա մարդի սրտին դարդ է դառնում, երբ էնպես օմքին էլ ա խոսում մարդի վրա, որ իր անունը դրուստ գրիլ չի գիտի։ Ղորդ են ասել թե տանուտերտերին օրհնյար տեր չի ըլիլ։ Ինչևիցե՝ թուր ու թվանք չունիմ, արզա գրիլ պետքը չի, թո՛ղ բլբյուլը խոսի։

էշն ինչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,
Նրանը փալանն ու թավալ տոալն ա.

ԷՇՆ Ու ԲԼԲՅՈւԼԸ։


Բացվիել էր գարունքն, սար ու ձոր ծաղկել
Անուշ հոտն ու հովն ամեն տեղ բռնել։
Ամեն աշխարից, հեռավոր տեղից
Փախած, կորած ղշերն իրանց բներից
Էկան, որ գարնան գալն շնորհավորեն։
Մեր ու ձագ նստած ծառերի վրեն,
Թփերի տակին, սարերի գլխին,
Իրանց սրտի քեֆն հայտնել կուզեին։
Բայը պարկեշտ բլբյուլն իր էրված սրտի,
10 Իր սիրուն վարդի սերն ու իր մտքի
Հասրաթն ու էշխը բերան բերելով,
Խոր ձորում նստած, դարդերը լալով,
Նայում էր ջրին, իր վարդի թփին,
Ուզում էր բացվի՝ ա՛խ՝ իր սիրելին։
Բայց վարդն անիրավ մնացել էր փակ,
Խեղճ բլբյուլի սիրտն դառել էր կրակ։
Մեկ չոր քարի վրա մնաց կուչ էկած,
Աչքը իր վարդի երեսին քցած,
Լալիս էր, էրվում, «ա՜խ՝ վա՛րդ իմ կարմիր՝
20 Բացվի՛ր՝ երեսիդ մեռնիմ, ա՜խ՝ բացվի՛ր։
Կամ իմ հոգիս էլ ա՛ռ, քո հետդ տա՛ր
Կամ էրված սրտիս արա՛ դու մեկ ճար»։