Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա Գ Ն Ե Ս

ԹՂԹՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։

ԱԳՆԵՍ ԷԼԻԶԻ ՎՐԱ,

4-ին փետրվարի։

Քեզ պետք է գրե՞մ։— Հլա ինձ միտք տուր: էս ղալմաղալը, էս թամաշեն ու քեֆը, մասկարադը, խաղը, պարը, անուշ անուշ խոսքերն ու պատիվ տալը, ինչ կուզես ասա ինձ խելքից, մտքից հանում են։ Մեկ վախտ կար, որ մեկ տեղ կենում էինք, ու ամենը, ամենն էլ մեզ ասում էին, թե մեր աչքին էնպես ա երևում, որ էն հեռու, վաղվան ժամանակը դհա գեղեցիկ էր, դհա լավ էր, քանց էս մեր լուռ աղքատ կյանքը։ Մեկ նոր կապ, որ մազերիս միջովն անց կացրի, ինձ բաղդավորացրեց, էն մազերիս՝ որ ինքն իրան խուճուճ՝ իմ քներակիս վրովը վեր ա գալիս։ Հիմիկ, որ իմ հարուստ մորաքիրը ինձ հոգեորդի ա վեր առել—ամեն բանով աչքս լիքն ա, էլ մեկ բան աչքս չի գալիս. մեկ բան սիրտս չի՛ ուրախացնում։ Ի՞նչպես քաղցր էին է՛ն սհաթները, որ բաղն էինք գնում, մանիշակ քաղում ու բլբյուլին անկաջ դնում։ Հիմիկ էս ոսկեջուր կառեթի միջումը, չորս ձի լծած, նոքար, ղարավաշ չորս կողմս կտրած, ինչ զարմանալի քեֆում էլ որ ըլում, էն օրերի սիրտն ու ուրախությունը չի՛ կա, չի՛ գալ։ Ա՜խ սիրելի իմ էլիզա, ի՞նչքան աղքատանում ա մարդ, երբ որ հարստանում ա։

Բանը որ պարզ խոսամ, պտի որ խոստովանվիմ, որ ցավ ու կսկիծն էլ եմ քաշում։ Դու շատ անգամ ես քո Ագնեսին գովել, նրա խելքը, պատկերը, սիրտը, հմիկ մտիկ արա որ մեկ կնիկ էլա ինձ չի՛ հավանում, սրա ներհակը շատի երեսին ատելություն, քեն էլ եմ տեսնում, որ ինձ հետ ունին,— տղամարդիքը, ա՜խ՝ բոլորն էլ սիրելու են, բայց թուլ, նվազ, խելքից պակաս, իրանց գլուխը սիրող, իրանց ասածը պահող, ու թե մեկ հիմար խոսք էլ ասեն, հենց իմանում են, թե փիլիսոփա են, քիթըները բարձրացնում են։ Ինձ սատանեն էլ չի՛ կարող խաբիլ, ո՞ւր մնա տղամարդը, թո՛ղ ամենիցն էլ խելոք ըլի, լավ իմանաս։ Էսքանի միջին մեկն ա ինձ շատ դիր գալիս, որ իրանից ոչինչ չի ասում, բայց շատ բան ա երևում միջումը։ Նա շա՛տ սիրուն, գոռոզ ու հարուստ ա։ Թե ի՞նչ ազգից ա, ո՛չ ոք չի իմանում, մութը խավարումն ա ծածկված։ Ասում են թե թագավորի որդի պտի ըլի։— Ի՞նչ եմ ասում, պտի ըլի՞, նա իսկ թագավորի որդի ա, էնպես ահարկու, էնպես խելոք, էնպես տղա դեռ մեկն էլա չեմ տեսել։ Անունը Րիվարոզա ա ասում, բոյը մեծ, սուրահի, աչք ու ունքը թուխ, հառաջ էնպես էր երևում ինձ, թե նրա աչքը փշի պես սիրտս ծակում ըլի, ու ջանս դող էր ընկնում, բայց էլի նրա աչքին էի ուզում մտիկ տամ, էնպես, ինչպես որ մարդ մեկ սարսափելի մուզիկ լսելիս էլի ուզում ըլի լսի։ Բոլոր ահս ու դողս հմիկ փախել են, սրտիս էշխը մնա-