Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար դժոխք էին, մեր ղարավաշն էր ինձ մոտ, չունքի հենց իմ սիրելու անունն էի տալիս:

Դողս մեկ շաբաթ քաշեց. մահի թուլությունը գնում էր, կրակն ու բոցը, սարսափելի երազները գալիս անդադար, ընկնում էի սիրելուս դոշին, ու նրա երեսիցը նոր կյանք էի ծծում։ Մեկ անգամ էլ մեկ սառը ձեռն ընկավ մեր մեջը, սիրտս ջանիցս հանեց ու սկսեցին լիրբ լիրբ ծիծաղալ, որ մինչև ըմբրիս տակն էլ խառնում, քանդում էր։ Կամ տեսնում էի նրան՝ էն իրան երկնային գեղեցկությունովը, էն իրան արեգակի պես լուսաճաճանչ փառքի, մեծության, քաղցրության միջումը — ու հանկարծ նրա էն ազնիվ դեմքը դառնում էր դժոխքի պատկեր, նրա էն բարձր բոյր փոխվում. այլանդակվում էր ու մեկ գարշելի գազան գալիս էր, առաջիս կանգնում, փնչացնում, ֆնթֆընթում, որ ինձ խեղդի։ Էս տեսա թե չէ՝ բարձր ձենով գոռացի, հարայ տվի, որ ինձ ազատեն,— ո՞վ, էս հալը, էս տանջանքը չի՛ կարելի գրել։

Նրան հարցնելիս, ղարավաշը ձենը կտրում ու էնպես ծանր, ծանր ինձ իմաց էր անում, որ սուս կենամ, վերջապես ինչ ժամանակ աչքս մուրազի, սիրտս հասրաթ, կրակված, ուզում էի, որ մի քիչ հովանամ, դինջանամ, ձեն տվի ղարավաշիս էնպես հուսահատված, նեղացած, որ նրա սիրտը ջուր դառավ, որ Րիվարոզին ինձ մոտ կանչի, մի տեսնիմ, հետո հոգիս տամ։ Լուռ, գուրգուրելով, լաց ըլելով գլուխը կռացրեց ձեռիս վրա ու անգաջումս քսփսաց. «Կես գիշերին կըլի»:

Շորերս հաքել էի, սիրտս մի քիչ տեղն էկավ, որ իմացա՝ թե նա պտի գա, կես գիշերը խփեց — ինչպես գետնի տակիցը դուս էկած՝ ընկավ նա ոտիս տակը, էլ էն վախլուկ թունդ բարեկամը չէ՛ր, չէ՛, սիրով վառված, դրախտից դուս էկած սիրեկան։ Նրա խնդիրը կատարեցի, ո՛չ կամքս էր իմը, ո՛չ խելքս, երազում էի, ու հույսս հաստատ էր, որ նրա հետ գնամ։— Կգամ, ասացի, թե գերեզմանն էլ տանիս ինձ։ Ես չէի տեսել, որ ղարավաշս իմ ջավահիրն ու ոսկին, իմ զինքսն ու զարդարանքը շալակն առած էն մութը ճամփովը առաջներիս գնում էր, հենց իմ անում էի, թե ոտս գետնիցը կտրվել ա, մենք էկանք բաղը ու էնտեղանց դուս էկանք չոլը։— էն գարունքահոտ, պայծառ գիշերը լուռ գնացինք խելիմ տեղ, մեկ կառեթ մեզ մնում էր, սաղ գիշերը ճամփա գնացինք, ու լուսադեմին մեկ ձորում վեր էկանք, ուր իմ Ադոլֆր ինձ մեկ մատուռի մեջ տարավ։ Մեկ քահանա էստեղ մնում էր մեզ, նա մեզ պսակեց ու իր օրհնությունը տվեց։ Ես չեմ ուզում էն երևելի անունը տամ, որ հմիկ քո Ագնեսն ունի, ես չեմ կարող քեզ պատմել, թե էն սհաթին սիրտս ի՞նչտեղ էր, ո՛ր դրախտումը, ո՛ր երկնքումը, չեմ էլ կարող քեզ հայտնել, թե ընչի համար ա իմ նշանածը մեր քաղաքիցը հեռու կենում, կամ ինչ ա պատճառը, որ նա էսպես թաքուն ա իր բանը բռնում։ Իմ ղարավաշը, էս սրտացավ կնիկը, որ իր աստիճանից ավելի՝ լուսավորված ա, սա էր առաջ նրա սերն իմացել, ես ոչինչ խաբարություն չունեի, սա ինձ զոռ արեց, որ բաղը գնացի, ու չէի գիտում, թե ով ա ինձ մնում էն տեղ, նրան էլ սա էր խաբար տվել, որ ես ուզում էի գնամ մեկ ֆալ բաց անողի մոտ, որ էս հասրաթ ու էրված սիրտս մի քիչ հովանար։ Բաղումը նրան տեսա ու էն օրվանից սկսած էլ նրանից չեմ բաժանվել։ Նա իր սերը սկիզբը հաղթել էր, չունքի նրա ու իմ մեջը դեռ աբալդ շատ կար, բայց նա ո՛չ իր, ո՛չ իմ սրտին չէ՛ր դիմացել, ու իմ բոլոր