Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ Համբուրգացի հարուստ վաճառական՝ անունը Գրադման մի քանի ժամանակ Բերլին քաղաքումը իր գործի խաթեր կենում էր։ Մեկ անգամ մեկ մարդի ուզում էր տեսնի, մտավ նրա տունը ու չգտավ։ Դուս գնալիս՝ սանդուխտի վրա մեկ կնիկարմատ ռաստ էկավ նրան, միջահասակ ու բարետեսիլ։ Հենց որ տեսավ՝ վաճառականը գալիս է, պատին կպավ, որ նրան տեղ տա, անց կենա, չունքի հաստ ու ջանով մարդ էլ էր։ Վաճառականը որ ուզեցավ նրան քաղաքավարությամբ շնորհակալություն անի, տեսավ որ կնկա աչքերն արտասնքով լիքն է, ու որ կիսաբերան էլ հոգոց չքաշեց, վաճառականի սիրտը ցավ ընկավ։

Գրագմանը էն բարի սիրտն ուներ, որ արտասունք տեսնելիս՝ ինքն էլ կվառվեր, ու էն էլ կնկա արտասունք,— օ՛ էսպես արտասունքին ի՞նչպես կդիմանար նրա ազնիվ սիրտը ջանն էնպես կրակ ընկավ, որ սկսեց հնարք գործիլ, որ նրա արտասունքը բալքի թե ցամաքացնի։

Հարստությունը շատ անգամ փափուկ սիրտ ունեցող մարդին էլ ա գլխից հանում, որ ուրըշի դարդի պատճառը առաջ աղքատության միջումը ման գա ու բարեհոգի մարդին միտք է տալիս, թե փողով կարելի ա էնպես խղճի ցավը հոգալ, ու էսպեսով շատ անգամ որ մարդ ուզում ա՝ մեկ ողորմելու շուտով քոմակ անի, նրա սիրտը ավելի է վիրավորում, քան թե անսիրտ մարդի կոշտ ջուղաբն ու դառը խոսքերը։

Էսպես էլ պատահեցավ մեր Գրադմանին։ Նրա առաջին միտքը հենց է՛ս էր, թե էն կնիկը պակասավոր պետք է ըլի. նա կարող է օգնություն անիլ ու էս պատճառով հարցրեց.

«Ի՞նչ պակասություն ունիս՝ իմ քույր, ընչի՞ ես լաց ըլում»։

Անծանոթ կինը։ (Հեկեկալով)։ Պակասավորը ես չեմ, պատվելի աղա՛։

Գրագման։ Ի՞նչպես. ի՞նչ, դուք չեք, ու լալիս եք։

Անծ. կ. Ոչինչ չունիմ, իմ բարի աղա՝ ամա փառք Աստուծո, էնպես տարաբախտ չեմ։

Գրդ. (Չհամբերելով։) Բաս էս ի՞նչ արտասունք է։

Անծ. կ. Ա՞խ ինձ ներեցե՛ք, ես էլ չէի ուզում, որ լաց ըլիմ։ Բայց ինչ անեմ, էս արտասունքն ա մնացել, որ մեկ ողորմելու խաթեր թափում եմ. ուրիշ էլ ճար չունիմ։

Գրդ. Հա՝ էդ ուրիշ բան ա. հմիկ ասա՛, տեսնեմ թե էն ողորմելին ո՞վ է։

Անծ. կ. Ով ըլիլը չեմ գիտում։ Մեկ ազիզ ջահել մարդ է, ա՜խ՝ պատվելի աղա՝ ի՞նչ ազնիվ սիրտ ունի, ի՞նչպես արդար է, ու էնպես անտեր ողորմելի։ Ա՜յ՝ հրեն էն վերևը մեկ պստիկ օթախի միջում էնպես մերձամահ հիվանդ ընկած է, մեկ դուռը բանող, մեկ սառը ջուր տվող չանի, ինձանից ղայրու, բայց ջանս դուս գա, էս ի՞նչ եմ ասում — նա հո ինձ ղադադա է արել, որ ուրըշի չասեմ— ո՛չ փող ունի, ոչ բարեկամ, ես նրա ղարավաշն եմ։