Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քեֆին, ա՛ռ, տո՛ւր, խմի՛, կոտրի՛, վիթի՛, ինչ ուզում ես էն արա՛, ո՞վ ա ձեռդ բռնում։ Մեր կյանքը թագավորություն ա։ Ինչ դատում ես, քոնն ա, ո՛չ ուրիշի ձեռին մտիկ կանես, ոչ քամակդ ծռի, ո՛չ լեզուդ սրի՛, ո՛չ ուրիշի ասածին մռի։ Ձիդ դվոր գնում ա, դենը քշի, ի՞նչ բան ա էդ դարդակ խժիբժին»։

Էս խոսակցությունը որ պրծան, Գրագմանը առաջացրեց նրան, որ հետը գնա Համբուրդ քաղաքը ու նրա դուքանումը առուտուր անի։ Էլ չի հարկավոր ասիլ, թե ինչպես բարեսիրտ Գրադմանը իր բարեկամին ճամբա բերեց, որ վերջ ամենայնի համաձայնեցավ։ Էսպես Բերլին թողին ու էկան հասան Համբուրգ Գրադմանի տունը։ Աննին էլ հետը վերցրեց ազնիվ վաճառականը, չունքի էնքան ամակ էր քաշել Հովհաննեսի վրա։ «Էսպես ազնիվ կնիկարմատը պետք է իմ տանս ունենամ, ասեց, որ կնկանս տան կառավարությանը օգնություն անի ու իր ծերացած վախտը հանգիստ ապրի, նա արժանի է էս լավությանը»։

Տուն որ էկան, հասան, Հովհաննեսին կնկա հետ ճանաչացրեց Պարոն Գրադմանը։ Նրա կնիկն էլ մեկ հանգիստ, բարի, խելոք անձն էր. աղչիկը տասն օխտը տարեկան, բնությունը քաղցր, սիրտը փափուկ, հոգին լուսավորած, բոյը գեղեցիկ, պատկերը հրեշտակի։ Անունը Սոֆիա էր, ասենք, շատ էլ գեղեցիկ չէր, ու զարդարանք բան չէր սիրիլ, ամա էն ազնիվ պատկերն ուներ, որ տեսնողի սիրտը հետը տանում էր, էն չախմուր աչքերն ուներ, որ մարդ մտիկ անելիս՝ խելքը գնում էր։

Հովհաննեսի սիրտը հենց էս աննման աղչկա բնությունը տեսավ, իմացավ թե չէ, շուտով կրակվեց։ Միտքը էլ հանգիստ չէր։

Ամա էս պատվական տան որպիսությանը տեսնելով, շատ բախտավոր էր ապրում։ Նրանց համար մեկ էր, իշխանի որդի ըլի, թե հետին հասարակ մարդի։ Մեկ զոռ անող, մեկ գլուխը բարձր բռնող մարդ չկար նրանց միջումը, ամենի սիրտը, ամենի խոսքը մեկ էր։ Մեկը մեկիցը բան չէր թաքցնիլ, էնքան իրար հավատում, սիրում էին։

Գրադմանը Հովհաննեսի ձեռը տվեց իր վաճառականության ամեն հեսաբն ու դավթարը. նրան մեծ տոնլուղ կապեց. մեկ մեծ գումար էլ էնպես նրան բաշխեց, որ բանացնի ու նրանով շահվի։

Հովհաննեսն էլ էն բարի երախտագետ սիրտն ուներ, որ իր բարերարի գործերը մազի չափ չէր թողնում ծուքի։ Նրա հանգստությունը ու մխիթարությունն էն էր, որ գիշեր ցերեկ էլ քուն չուներ։ Շատ անգամ Գրադմանը ինքն էր նրան զոռով դուքանիցը տուն տանում, որ մի քիչ սիրտը բացվի, հանգստանա։

Էսպես մեկ քանի ամիս բախտավոր անց կացրին. Գրադմանի ծննդյան օրը մոտացավ։ Հենց էս միջոցումն էր, որ նրա նավի մեկը էկավ ծովի ափը: Բոլոր տանըցիքն էլ խոսքը մին արին, որ գնան ծովի վրա էն օրվան ուրախությունն անեն։

Ասած, արած։ Մեկ քանի բարեկամ, սիրելի էլ կանչեցին ու գնացին նավը։ Սաղ օրը էն ուրախությունս, էն քեֆն արին՝ որ էլ ասիլ չի ըլիլ: Նավի մարդիքն էլ ուրախ էին, չունքի իրանց տղեն շատ փող բաշխեց, ու ուզում էր, որ ամենի սիրտն էլ բացվի։