Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աննա։ (Ծանր երեսով)։ Հիվա՞նդ։

Հովհ. Հա՛, հիվանդ, շա՜տ հիվանդ։

Աննա։ Հարցնիլն այիբ չըլի, ի՞նչ ա հիվանդությունդ։

Հովհ. Գլուխս, ջանս, ամեն տեղս ցավում է։

Աննա։ Ես էնպես եմ կարծում, թե սիրտդ է ավելի ցավում քան ջանդ։

Հովհ. Ի՞նչ ես ուզում դրանով ասիլ:

Աննա: Իմ աչքի լիս Հովհաննես, թողություն արա ինձ, որ ես էսպես քո սիրտը խոր քննել եմ, դու սիրահարվել ես...

Հովհ. Աննա, Աննա— բերանդ քեզ պահի՛ր...

Աննա։ Ու— անպատճառ քեզ էլ սիրող կա, որ սիրտդ էդպես էրվում ա։

Հովհ. (էնպես կատաղած դուս ընկավ ու քթի տակին փնթփնթաց)։ Իմ խորհուրդը իմացել են, վա՜յ իմ օրին, արևին. էլ էստեղ կենալս ձեռք չի տար պետք է գլուխս առնիմ, կորչիմ։

Իսկույն գնաց մյուս օթախը, նստեց ու Գրագմանին էս գիրը գրեց:

«Իմ անգին բարերար.

Ինչ որ բերանով չեմ կարող ձեզ ասեմ, էս գիրը ձեզ կասի։ Ես կորչում եմ. Աստված գիտի ո՞ւր։ Իմ անհանգիստ, փոփոխական հոգին էն տանիքն ա ինձ հետ ածում, ուր որ հազար լավություն պետք է ինձ բխովեին, կապեին։ Ամա ի՞նչ անեմ, ճար չունիմ, չեմ կենալ, չեմ կարող։ Մեղքս բաշխիր, ազնիվ բարերար իմ, չիմանաս, թե ես ապերախտ եմ. քո լավությանը կմոռանամ։ Թե էս անեմ, երկու աչքով կուրանամ, ամա ի՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ, դանակն էկել ոսկոռին հասել ա, ես տարաբախտ եմ, պետք է իմ սև օրս մեկ ուրիշ տեղ լաց ըլիմ, որ մարդ չտեսնի։ Ուր որ ըլիմ, ձեր պատկերը, ինչպես իմ հրեշտակի պատկերը առաջիս կանգնած կըլի։ Թե իմ էս վերջի խնդիրը գետինը չեք քցել, կաղաչեմ, որ դուք էլ բազի վախտ ձեր միտքը բերեք ձեր

Հավիտյան շնորհակալու Հովհաննեսին»։

Ինչպես կատաղած դուս թռավ Գրադման, երբ էս թուղթը կարդաց, որ իր սիրեկան Հովհաննեսին ման գա ու հենց էն սհաթին վրա հասավ, որ ուզում էր տանիցը դուս գա։

Գրդ. էս ի՞նչ խաբար ա. ի՞նչ քամի ա քեզ դիպել, կամենում ես փախչիլ, ինձանից հեռանա՞ս. կարդացածս ճշմարիտ ա թե...

Հովհ. (Ինչպես քարացած, ինչպես մեկ մեղավոր էնտեղ կանգնած քթի տակին կմկմաց). ո՞վ իմ բարերար... պետք է... ես տարաբախտ... սև օրս.

Գրդ. Սև օրս ո՞րն ա, ի՞նչ սև օր, ի՞նչ ես բերանդ ցրվում։ Ո՞վ ա քեզ մեկ ծուռն աչքով մտիկ տվել, կամ մեկ թթու խոսք ասել։

Հովհ. Օ՛չով, օ՛չով։

Գրդ. Բալքի ե՛ս եմ քեզ նեղացրել, շիդակն ասա՛, ինձանից բեդամա՞ղ ես։

Հովհ. Ա՛խ՝ տեր Աստված՝ էդպես բանն ի՞նչպես ես միտք անում։

Գրդ. է՛, որ էդպես ա, էլի ուզում ես փախչի՞ս մեզանից։

Հովհ. Պետք է փախչիմ։

Գրդ. Պետքս ո՞րն ա. ի՞նչ ա գլուխդ մտել, տանիցը հո թուղթ չե՞ս ստացել։

Հովհ. Չէ՛։