Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրդ. Տո խանի խարաբ, թե մեզանից բեդամաղ չես, թե մեկը քեզ մեկ թթու խոսք չի ասել, թե տանիցն էլ խաբար չունիս, էլ ի՞նչ սատան են ա քեզ հետ ածում։

Հովն. Իմ անհանգիստ, իմ փոփոխական հոգին։

Գրդ. էգ այինօյին խոսք ա. ինչ որ քո հոգուցն ասում ես մեկ չվանի չեմ գնիլ, քո հոգին քեզանից լավ կճանաչեմ։ Դուրստն ասա՛, տանը հո կարոտել չես։

Հովն. Չէ՛։

Գրդ. Ուզում ես մերդ ու քիրդ էս տեղ բերել տա՞մ։

Հովն. Չէ, իմ ազնիվ բարերար. նրանք իրանց համար իրանց սարերումը լավ կան։

Գրդ. Բաս էլ ի՞նչ ես ուզում։

Հովհ. Աղաչում եմ, ինձ զոռ մի՛ անիլ, ես պետք է գնամ։

Գրդ. Լսի՛ր, Հա՛նի, ինձ ախմախի տեղ մի քցիլ. էս հանաք մասխարություն չի։ Թե առաջի վախտերն էիր ուզեցել գնալ, էլի վայ նաչարի կթողեի, ամա հիմիկ անկարելի բան է: Մենք էնպես ենք իրար հետ կապվել, որ մահը մենակ մեզ կբաժանի, ուրիշ բան չի կարող։ Դո՛ւ ես իմ կյանքն ազատել. ես քո պարտականն եմ, ուրեմն քեզ արդար, հալալ մարդ չեմ ասիլ, թե քո գնալու պատճառն իձ չես ասիլ։

Հովն. Իմ անգին բարերար, ուզածդ շատ, շատ ծանր է, ի՞նչ անեմ։

Գրդ. Ի՞նչ ծանր բան։ Անսաս տեղդ կաց, դես ու դեն ընկնիլը պետքը չի։ Ես քո բարեկամն եմ, քո ախպերը, ինձանից թաքուն բան սրտումդ չի պետք է պահես, ուրեմն սիրտդ թա՛փ տուր, պատճառն ի՞նչ ա, որ գնում ես։

Հովն. Սրտիս կրակն ու բոցը։

Գրդ. Ի՞նչ կրակ ու բոց. չըլիմ... սիրում ես, ինչ որ որ ա, ասա՛, քեզ հրաման եմ տալիս։

Հովհ. Վա՛յ, վա՛յ, վա՛յ։ Մկամ ես էդ անօրեն մարդն եմ, էդ ինչ ես ասում։

Գրդ. Ի՞նչ զարմանք բան ա։ Իմ... դեռ ջահել ա ու բավական սիրուն։ Պատահեց, պատահեց, սատանեն ներհակ ա։ Աղչկանս ես սիրում. իմացա, թե չէ:

Հովհ. (Առանց խոսալու գլխով արեց):

Գրդ. Հա, հա, հա, էլ ի՞նչ օյինբազություն էիք անում, էլ ի՞նչ պոչը գետինը քսիլ կուզեր։ Տեսնո՞ւմ ես էս ջահել մարդիքն ի՞նչ են բերում մեր գլուխը։ Տնաշեն՝ մեկ քանի օր առաջ կասեիր. ո՞վ էր ձեռդ բռն՛ում, յա բերանդ կալնում։ Չե՞ս գիտում բաս՝ որ ես իմ աղչիկը վաղուց էի քեզ համար նշանակել։ Մի միայն չէի ուզում, որ առանց քո միտքն իմանալու շլինքդ կապեմ, մարդ մարդի միտքն ի՞նչ կիմանա։

Հովհ. Ո՜վ իմ ազնիվ բարերար, ես...

Գրդ. Լավ է, ձենդ կտրի, անսաս կա՛ց, ես հլա մեկ լավ պետք է գլուխդ լվանամ։ Մեկ որ դուք ինձանից էդ կարծիքն եք ունեցել, թե ես չեմ բարըշիլ ձեզ հետ՝ իմ պարտքի կեսն էլ ա տամ։ Մեկ էլ որ դուք պետք է միտք անեք, թե ինչ որ իմն է, ձերն էլ ա, իմ ու քո մեջը զանազանություն չկա։ Երրորդ օր...