Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նախորդ երկու հրատարակությունները՝ 25 տնից բաղկացած (պոեմի 1—48, 67—73, 124—143, 148—152, 155—156, և 325—342 տողերը)։

1864 թվին Թիֆլիսում հրատարակված «Պարապ վախտի խաղայիք, պարապ մարդու տանու միտք» ժողովածվում, այլ բանաստեղծությոնների հետ միասին կա երկու հատված «Աղասու խաղ»-ից։ Առաջինի վերնագիրն է «Աղասու խաղը (Քեշիշ օղլու հանքով)», բաղկացած 14 քառյակից (պոեմի 1—48 և 67— 73 տողերը)։ Երկրորդ հատվածի վերնագիրն է «Աղասու վերջին սուքը»՝ բաղկացած 12 տնից (պոեմի 124—143, 148—156 և 325—342 տողերը)։

«Պարապ վախտի խաղալիք»-ում, բացի «Խաղ»-ի վերոհիշյալ հատվածներից, կան երկու ինքնուրույն բանաստեղծություններ ևս, որ թեև կապված են «Խաղ»–ի գլխավոր հերոսի՝ Աղասու անվան հետ, բայց պոեմի օրդանական հատվածները չեն: Դրանցից առաջինը կոչվում է «Աղասու սրտի փափաքը» (աշըղ Ղարիբի հանքով), իսկ երկրորդը՝ «Աղասու սրտի տխրությունը»։

Գամառ-Քաթիպայի երգարանի մեջ զետեղված «Աղասու երգ»–ի ձեռագիր բնագիրը Խ. Աբովյանի արխիվում չկա, պետք է ենթադրեի, որ կամ անհետացել է, և կամ թե, որն ավելի հավանական է, Պատկանյանը վերցրել է «Վերք Հայաստանի»–ի այն ժամանակ դեռ անտիպ ձեռագիր օրինակից։ Իր երգարանում տպագրելով «Աղասու երգը», Գամառ-Քաթիպան կատարել է տների ընտրություն և տվել է այն հաջորդականությամբ, որ կա «Վերք»–ի մեջ: «Երգարան»–ում երրորդ քառյակից հետո բաց է թողնված «Վերք»-ի չորրորդ տունը, իսկ հինգերորդ քառյակից հետո հանված են 6—14-րդ տները։ 15-րդ և 16-րդ տներից հետո հանված են 17—20-րդ տները, ըստ որում վերջին տունը յոթ տողից է կազմված։ «Երգարան»–ում «Աղասու երգը» ավարտվում է «Վերք»–ի 22-րդ տնով։ Այսպիսով «Երգարան»–ում կա միայն ութը քառյակ, իսկ «Վերք»–ում՝ 24:

«Վերք»–ում և «Երգարան»–ում տպվածների մեջ կան տեքստային աննշան տարբերություններ, օրինակ՝ «Վերք»–ի առաջին տողի վերջին բառը՝ «տակի», Գամառ-Քաթիպայի մոտ դարձել է «տակին», «արտասունքով» բառը փոխարինվել է «արցունքով», «սիրովն» «սիրով», օժանդակ բայի բարբառային ձևը՝ «ա»-ն փոխարինված է «կ»-ով, «մարմինը» «մարմին»-ով, «պետքը» «պետք»–ով և «իմ» վերջավորությունը «եմ»–ով։ Վերջինս հետևանք է միայն բնագրի ոչ ճիշտ վերծանման, որովհետև Աբովյանի ձեռագրում «ե» և «ի» տառերը հաճախ գրված են բոլորովին միանման։

Վերոհիշյալ տարբերությունները կապ չունեն Արովյանի ինքնագրի հետ և հետևանք են միայն քմահաճ խմբագրության ու վրիպումների։

Արովյանի արխիվում «Աղասու խաղ»-ի բացի մի ամբողջական տեքստից ոչ մի այ օրինակ և կամ վարիանտ չկա:

«Վերք»-ի, ինչպես և «Պարապ վախտի խաղալիք» ժողովածվի մեջ տպագրված հատվածները «Խաղ»-ի հիմնական տեքստի համեմատությամբ ունեն որոշ տեքստային տարբերություններ, որոնք և բերում ենք ստորև։

7-րդ տող Վ. Հ. «Աղի արտասընքով էրված, խորոված,
9-րդ տող Վ. Հ. «Ծնող՝ ազգականք՝ հեռու ինձանից,
14-րդ տող Վ. Հ .և Պ. Վ. «Երաբ ձեր երեսն մեկ էլ կը տեսնի՞մ,
18-րդ տող Պ. Վ. «Մեկ ղուշ՝ որ գլխիս պտիտ ա գալիս,
22-րդ տող Վ. Հ. «Ձեր կորած որղուն կարոտ մնալով,
30-րդ տող Վ. Հ. «Ձեր լիս ձեռներին, ձեր անոշ լեզվին,
40-րդ տող Վ. Հ. «Նանիկ ասելով՝ թողեիք քնած։
43-րդ տող Վ. Հ. «Որ ձեր առաջին անմեղ խաղային,
           Պ. Վ. Խ. «Ուր ձեր առաջին ուրախ խաղայի.
70-րդ տող Վ. Հ. «Ձեր շվաքի տակին, ախ՝ քնել հողումն։
           Պ. Վ. Խ. «Ձեր շվաքի տակին՝ ա՜խ քընել հողումն։
71-րդ տող Վ. Հ.«Մեկ բուռն հողի էլ կարոտ եմ մնացել,
           Պ. Վ. Խ. «Մեկ բուռն հողն էլ ինձ ղհաթ ա էլել,
74-րդ տող Վ. Հ. «Ինչպե՞ս ես հանդարտ էս հողը մտնիմ...
           Պ. Վ. Խ. «Ինչպես, ա՜խ, հանդարտ ես հողը մտնիմ։