Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տեսուչ Հովսեփ Փոնդոյանի նախաձեռնությամբ։ «Վ. Հ.»-ն իր վարիանտով հանդերձ տպագրվում է Ա-ի երկերի այս հրատարակության երրորդ հատորում։

4. Ա-ի այդ «Զվարճալի պատմությունները» առաջին անգամ տպագրվել են 1947 թ. հեղինակի երկերի այս հրատարակության չորրորդ հատորում:

ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

(էջ 191-192)

Այս «խրատ»-առակն Ա-ն հղացել է իբրև «ՊՎԽ» ժողովածվի ներածություն, տալով «Հառաջաբան»-ից հետո, որին և միանում է նա իր իմաստով ու գեղարվեստական առանձնահատկությամբ։ Եվ հենց իբրև ներածություն «Խրատ»-ը չի մտնում ժողովածվի առաջին բաժնի («Ասացվածք բնահայտ», ինքնահարմար հորինվածք») մեջ, որն սկսվում է նրանից հետո։

Իր ժանրային առանձնահատկությամբ է «Խրատ»-ը սովորական առակ չի, այլ՝ առակավոր խորհրդածություն։ Սկզբի մասը (1—25 տողերը) բուն առակի նախաբանն է, հեղինակի առակավոր խորհրդածությունն ինքն իր հետ, ինքնախրախույս իր գրական լուսավորական գործունեության դժվարին ճանապարհն անվարան անցնելու մասին, արտահայտելով այն միտքը, որ «ճամփորթի գլխին շատ փորձանք կգա», որից չպետք է վախենալ ու «ճամփի կիսից վեր կենալ, եդ գալ»։ Նա հույս է հայտնում, որ՝

Հալբաթ մեկ օր էլ արև դուս կգա,
էն վախտն կիմանան թե ուզածդ ինչ ա։

«Խրատ»-ի այդ մասը երկին տալիս է ինքնակենսագրական-ինքնաբնութագրական երանգ ու շեշտ, որ հատուկ է Ա-ի մի շարք այլ առակների («էշն և բլբյուլը» և այլն) համար ևս։

«Խրատ»-ի բուն մասը պարունակող «վաղի առակը» հիշեցնում է Լաֆոնթենի «Ջաղացպանն, իր որդին և էշը» վերնագրով առակը։ Բայց հավանական է, որ Ա-ի համար աղբյուր է եղել ժողովրդական բանավոր ստեղծագործությունը՝ «խալխի բերանից լսած բանը», որ լսել ու մշակել է նա։ «Խրատ»–ում բերված այդ «վաղի առակի» մի այլ՝ չափածո մշակումը տպված է «Բազմավեպ»–ի 1847 թ. № 24-ում «նասրեդդին Խոճան և իր էշը» վերնագրով։ Դրանից փոքր ինչ տարբեր վարիանտ (արձակ) տպագրված է «Մեղու Հայաստանի» լրագրի 1859 թվի օգոստոսի 29-ի համարում (№ 35) «էշը ծախու տանող մարդը» վերնագրով։

Սյուժեն նույնն է, այն տարբերությամբ միայն, որ եթե Աբովյանի «Խրատ»-ում «մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ դուս կկավ, գնաց աշխարք տեսնի, եդ էլ իր տունը գա», ապա հիշյալ երկու վարիանտում էլ խոսքը իր «էշը ծախու տանող մարդու» մասին է։

ԼՈՌԸ ՑԻՔ

(Էջ 135-197)

«Ասացվածքի» այս շարքը Աբովյանը գրի է առել ժողովրդի՝ «խալխի խոսացած բաներից» ու վերամշակել Լոռու հարազատ բարբառով։

Ինքնագրում առաջին հատվածի 7—10 տողերն սկզբում եղել են հետևյալ հաջորդականությամբ.

Ատյա՝ մեր տղա՝ մեր պյախտը պյանեց,
Տյեղս կաց, քյընամ, տյանիցն յադ պյիրիմ.
Ընկերը մեկը մյուսին ասեց։
Հլէ յէս սհյաթին, ես քյրմյատաղ յեմ,

Իսկ հետո հեղինակը փոխել է այդ տողերի հաջորդականությունը՝ տողասկզբներին դնելով համապատասխան թվանշեր։