Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ԻՇԻ ՔՈՒՌԱԿԸ

(էջ 198—192)

Այս և հետագա «ասացվածքից» մի քանիսի («Մոլլա Մասրադնի պղինձը», «Մոլլա Մասրադնի ճաշը», «Հացակեր փեշը» և այլն) սյուժեները վերցված են՝ Մերձավոր Արևելքի նշանավոր զվարճաբան-առակախոս Նասրեդդին Խոջայի (ապրել է 13—14-րդ դ. դ.) անունով՝ բանավոր կերպով ժողովրդի մեջ տարածված առակներից կամ առակավոր զվարճախոսություններից, որ գրի է առել ինքը՝ Աբովյանը։

«Մոլլա Մասրադնի» անունը հանդիպում է Աբովյանի այլ գործերում ևս՝ «Վերք Հայաստանի» վեպում, «Զվարճալի կարճ պատմությունք» գրվածքում, «Իշի հարսանիք»-ում և այլն։ Հավանաբար Աբովյանը լսել էր, գիտեր բոլոր այն «զվարճալի պատմությունները», որոնք կապված են Նասրեդդին Խոջայի անվան հետ։ Երբեմն Աբովյանը մի այլ սյուժե մշակելիս՝ հիշատակում է դրան համապատասխանող նասրեդդինյան մի առակ։ Օրինակ, իր «զվարճալի պատմություններից» 64-րդի վերջում (մի «գիտուն մարդու» և իր բարեկամի դեպքը, երբ իրենց տանը լինելով, նրանք մեկը մյուսին խաբում են՝ հայտնելով թե տանը չեն), Աբովյանը նկատում է. «էս մեր Մոլլա Մասրադնի իշի փոխ ուզելու նման ա, ով լսել ա, կիմանա» (Տես՝ Խ. Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու», 4-րդ հատոր, 1947 թ., էջ 87)։ Այդ փաստը վկայում է, որ Աբովյանը բանավոր կերպով գիտեր, գուցե նաև գրի առած է եղել «Մոլլա Մասրադնի» ուրիշ շատ առակներ ևս, բայց նա, ինչպես վերոհիշյալ «Իշի փոխ ուզելու առակը», չի մշակել դրանք ու բավականացել է միայն մի քանիսի մշակումով։

Այս ասացվածի սյուժեն՝ փոքր ինչ այլ վարիանտով՝ հանդիպում ենք Աբովյանի «Իշի հարսանիքը» արձակ գործում (տես 4-րդ հատոր, էջ 47—54)։ Սյուժեն հիմնականում նույնն է երկու տեղումն էլ, մի տարբերությամբ սակայն, որ մի դեպքում («Մոլլա Մասրադնի իշի քուռակը») «Մոլլա Մասրադնի գյաֆը» (=առակը) պատմողը հեղինակն է՝ Աբովյանն ինքը, մյուս դեպքում («Իշի հարսանիքը») նույն պատմությունը հեղինակն ասում է՝ «Իշի քուռակին» խոսեցնելով՝ նրան պատմել տալով իր գլխին պատահածը։ Սակայն բացի սյուժեի ընդհանրությունից՝ «Իշի հարսանիք»–ում կան մի շարք արտահայտություններ, որոնք գրեթե բառացի կան նաև Աբովյանի չափածո այս ասացվածում։ Բերենք մեկ-երկու օրինակ։ «Մոլլա Մասրադնի իշի քուռակը» առակում ասված է, թե՝ Մոլլան իշի քուռակը դաշտից գողանում ու տուն է տանում մայիսին («Մայիս ամիսն էր, օրերն քաղցրացել...»,» և այլն), «Իշի հարսանիք»-ումն էլ պատմությունն սկսվում է տարվա նույն եղանակին՝ «մեկ գարունքվա օր» (տես Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու», 4-րդ հատոր, 1947 թ., էջ 48) հետագա նույն ընթացքով, ինչ որ չափածո առակում:

«էսպես տանը կապեց՝ ոչ թե խոտ, խոռակ,
Չամիչ ու խուրմա ուտեր մեր քուռակն»—

ասված է չափածո ասացվածում։

«Երեք տարի կերածս չիր ու չամիչ էր, խմածս նառ ջարաբի»— պատմում է Մոլլայի էշը մյուս գրվածքում (ն. տ., էջ 51)։ Շարունակությունը երկու դեպքում էլ նույնն է՝ նկարագրվում է Մոլլայի հանդես գալը «ջիրիդին» ու նրա երազած «փառքի» տխուր վախճանը։

«Մոլլա Մասրադնի գյաֆի»-այս երկու մշակումների էլ գրության թվականն անհայտ է։ Բայց հավանական համարելով, որ Աբովյանը նասրեդդինյան շարքի ասացվածքը գրի առել ու մշակել է միևնույն տարվա ընթացքում, իսկ այդ շարքից «Մոլլա Մասրադնի» պղինձը» (տես հաջորդ ծանոթագրությունը) զետեղված է «նախաշավիղ կրթության» Ա. մասում, որը տպագրության համար պատրաստ է եղել 1838 թվին, ապա ուրեմն այս ասացվածն էլ պետք է գրված լինի նույն տարվա ընթացքում։