Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույնիսկ «էշն ու բլբյուլը» առակի վերջաբանը համարել, մանավանդ, որ գրված է առակին անմիջապես հաջորդող էջում, էջի վերևից, առանց վերնագրի, հենց իբրև նախորդ էջի շարունակություն։

Ահա այդ բանաստեղծությունը.

Ո՞ւմ ասեմ սրտիս դարդերն, ես, ախ, ո՞ւմ,
Լռվել ա լեզուս, փակվել իմ բերնում,
Լեզուն որ սրտի դարդը եդ չասի,
էլ ո՞վ կիմանա, ախ ո՞վ կցավի։
Մեր սրտի դարդը կրակ է ու բոց,
Քանի որ պահես, չասես դու այլոց,
Կերվիս, կմաշվիս, անդեղ անդարման
Մարմինդ քեզ համար կդառնա գերեզման։
Սրտի բալանիքն լեզուն ա, լեզուն,
Բերանը՝ դուռը, աչքը՝ լուսատուն,
Թե փակ կը պահես, կսկիծն ու ղուսուն
Քեզ կփոթոթեն, աչքի լույս՝ սիրուն՝:
Շունչ որ չքաշես, ու նոր շունչ չառնես,
Ապրիլ չես կարող, հոգի՝ կհալվիս,
Ինչպե՞ս ես ուզում, որ հանդարտ մնաս մնաս հանդարտ,
Թե չասես ուրշին քո ցավերն, քո դարդն։

Այս հատվածը առաջին անգամ հրատարակել է Ռ. Տերյանը «Գրական Թերթ»–ի 1939 թ. № 5-ում՝ Աբովյանի այլ անտիպ բանաստեղծությունների հետ և ապա Աբովյանի «Ընտիր երկերի» Բ. հատորում 1940 թ. (էջ 28), իբրև առանձին բանաստեղծություն, եռաստղանի վերնագրով, իսկ բուն առակի սկզբնական նախաբանը աոաջին անգամ տպագրվել է Աս. Ասատրյանի «Աբովյանը — առակագիր» հետազոտության մեջ «Հայկական ՍՍՌ ԳԱ Հասարակական Գիտությունների Բաժանմունքի «Տեղեկագիր», 1945 թ. 3—4, էջ 113)։

ԽԱՆԸ

(էջ 244—215)

Ա-ը սյուժեն գրեթե անփոփոխ վերցրել է ռուս առակագիր-բանաստեղծ Ի. Ի. Խեմնիցերի (1745-1784) առակից, բայց մշակել է այն ինքնուրույնաբար, տալով առակին տեղական արևելյան կոլորիտ, թե գործող անձանց սոցիալական դեմքի ու հոգեբանության և թե մանավանդ լեզվի ու ոճի առումով: Ա-ն առակին հաղորդել է իր սոցիալական բարոյախոսությունը փողի, հարստության անկայունության մասին («փողը ձեռի կեղտ ա, մեկ օր կհատնի, կպակսի»), ավելի շեշտել փողի խեղաթյուրող ազդեցությունը մարդկանց փոխհարաբերություններում և. առակի վերջաբանն էլ «սազացրել է» իր կրթա-լուսավորական հիմնական գաղափարին, ըստ որի եթե ծնողն ուզում է որդուն «լավություն» անել, «թող տա նրան շնորհք, կրթություն», քանի որ «խազինա, դոլվաթ կերթան կփչանան, մարդիս իր ուսումն կմնա միայն»։ Ա-ի առակն իր ծավալով էլ տարբերվում է ռուսական բնագրից։ «Барон»-ը բաղկացած է 59 կարճ ու երկար (2, 7, 11—12 վանկանի) տողերից, մինչդեռ Ա-ի «Խանը» 77 համաչափ (10 վանկանի) տողերից:

Խեմնիցերի առակների ժողովածվի մի հրատարակության ( Басни и сказки И. И. Хемницера в трех частая, Морква 1883г.) ցանկում նշված է, որ «Барон» առակը վերցված է (թարգմանված կամ փոխադրված) գերմանացի բանաստեղծ–առակագիր Գելլերտից: Հնարավոր է, որ Ա-ն օգտված լինի նաև գերմանական բնագրից։

ԲԱՂԴԱՏԻ ՃԱՄՓՈՐԴ ԷՇԸ

(էջ 246-256)

Ա-ի այս գործն իր բնույթով ու ծավալով (443 տող) ոչ թե առակ է, այլ երգիծական զրույց, գրված ժողովրդական բանավոր ստեղծագործության նյութի հիման վրա։