Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵԼՆ ՈՒ ԳԱՌԸ

(էջ 272-273)

Բանասիրության մեջ այն անվերապահ կարծիքը կա, թե այս Ի. Կռիլովի «Волк и Ягненок» հայտնի առակի թարգմանությունն է կամ «փոխադրություն թարգմանությունը»: Անտեսվել են Ա-ի և Կռիլովի առակների զգալի տարբերությունները, որոնք նույն բնույթի ու նույն չափի տարբերություններ են, որ կան Կռիլովի ու Լաֆոնթենի և Լաֆոնթենի ու Եզոպոսի նույնանուն առակների միջև, որոնց ինքնուրույնությունն անվիճելի է։

Ա-ն, անշուշտ, Կռիլովի մշակումն է օգտագործել, և ոչ Լաֆոնթենինը, բայց նա նույնքան է «հեռացել»։ Կռիլովից, ինչքան վերջինս իր ինքնատիպությամբ հեռու է ֆրանսիացի առակագրից։

Հիմք ունենալով Կռիլովի մշակումը, Ա-ն այնպես է «շինել ու սազացրել» այն, որ ստացվել է հայկական ժողովրդական ոճավորումով ինքնատիպ առակ, որպիսին կարող էր գրել միայն Ա-ը։

ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ՄՈԾԱԿԸ

(էջ 274-275)

Այս առակի սյուժեն գալիս է Եզոպոսից (Մ. Բժշկյանի թարգմանությամբ՝ «Առյուծ և ճանճ» վերնագրով), որից և վերցրել են հետագա առակագիրները՝ Լաֆոնթենը (ֆրանսերենից հայերեն Մ. Նուպարյանցի թարգմանությամբ՝ «Առյուծ և ճանճիկ»), Ի. Դմիտրիևը (Лев и комар») և վերջապես Ի. Կռիլովը նույն վերնագրով։ Ա-ի առակը համարվել է Ի. Կռիլովի մշակածի թարգմանությունը։ Մինչդեռ ուշադիր համեմատությունը ցույց է տալիս, որ Ա-ը բառացի չի թարգմանել կռիլովի առակը։ Ճիշտ է, Ա-ի անմիջական աղբյուրը Կռիլովն է, որից նա վերցրել է առակի սյուժեն, բայց իրապես ավել է ինքնուրույն մշակում, որը նույն բան է տարբերվում Կռիլովյան բնագրից, որքան վերջինս տարբերվում է Դմիտրիևի, Լաֆոնթենի և Եզոպոսի մշակումներից: Ըստ որում Ա-ի մշակումն իր ծավալով (56 տող) զգալի չափով ընդարձակ է Կռիլովի մշակածի (39 տող) համեմատությամբ։ Ա-ը կռիլովի առակը, իրրև ուսումնական նյութ ռուսերենից հայերեն (գրաբար) թարգմանության համար օգտագործել է իր «Նոր տեսական և գործնական քերականության» մեջ՝ վերնագիրը հայերեն թարգմանելով «Մոծակն ու առիւծն»։

ԱՐՏՈՒՏԸ ԻՐ ՁԱԳԵՐՈՎ ՈՒ ԵՐԿՐԱԳՈՐԾԸ

(էջ 276-278)

Համարվել է սոսկ թարգմանություն Ի. Ի. Դմիտրիևի «Жаворонок детьми и земледелец» առակի։ Բայց նրանից առաջ այդ սյուժեն մշակվել է Լաֆոնթենը, որից և վերցրել է Դմիտրիևը, իսկ Լաֆոնթենինը («Արտուտ, իր ձագերն ու արտին տերը», տես «Առակը Լաֆոնթենի», 1900 թ., էջ 100—103) Եզոպոսի առակի («Արտավար և բարեկամը», տես «Առակը Եզովբոսի», 1848 թ., էք 509—511) մշակումն է ոտանավորով։ Համեմատելով նույն սյուժեի բոլոր այդ մշակումները կարելի է ասել, որ Աբովյանը սոսկ թարգմանություն չի կատարել Ի. Ի. Դմիտրիևից։ Նրա առակն իր մշակման առանձնահատկություններով ու ծավալով (98 տող) շատ ավելի մոտ է Լաֆոնթենի մշակումին (Մեսրոպ Նուպարյանցի թարգմանությամբ՝ 96 տող, իսկ ֆրանսերեն բնագրում 67 տող), քան Ի. Ի. Դմիտրիևին, որն իբրե առակագիր ընդհանուր առմամբ Լաֆոնթենի թարգմանիչն էր, ինչպես նրան գնահատում է Վ. Բելինսկին (տես В. Г. Белинский —Собр. Сочинений, т., I, стр. 789, т. III, стр. 224. 1919г.).

Ա-ի կենդանության օրով՝ 1846 թվին «Բազմավեպ» հանդեսի նույն տարվա վերջին համարում (№ 12, էջ 181—2) տպված է «Արտուտն ու իր ձագերը» վերնագրով առակ, որը Դմիտրիևի առակի թարգմանությունն է։ Չի նշված ոչ հեղինակի և ոչ էլ թարգմանչի անունը։