Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ վիճակում սակայն հրապարակ եկավ էպոխայի գրական-գեղարվեստական և քաղաքական-հասարակական այդ խոշորագույն դոկումենտը։

Նախ և առաջ «Վերք Հայաստանի»–ն լույս տեսավ ցենզուրական զգալի աղճատումներով։ Վեպից հանված էին հոգևորականության՝ իբրև մեր ժողովրդի կուլտուրական առաջընթացն արգելակող խավի վերաբերյալ Աբովյանի մերկացումները, հանգամանք, որ թուլացնում էր երկի իդեական սրությունը, հարված հասցնում վեպում զգալի արտահայտություն գտած քննադատական ռեալիզմին։ Սակայն, խնդիրը սրանով չէր սպառվում։ Վեպը լույս տեսավ առանց իր հավելվածի՝ «Զանգի»–ի, որի նշանակությունը չգիտակցելը որպես «Վերք Հայաստանի»–ի անհրաժեշտ մասի, ինքնըստինքյան վատ ցուցանիշ էր անցյալի մեր բանասիրության համար։ «Զանգի» հավելվածը, որ ոչ պատահական կերպով «Վերք Հայաստանի» վեպի ինքնագրի մեջ նրա անմիջական շարունակությունն է կազմում, հիրավի, ի՞նչ հարաբերություն ունի բուն վեպի հետ։

«Զանգի»֊ում նկարագրվող Նազլուի սուգը և մահը Աղասու գերեզմանի մոտ և ապա սրանց որբ մնացած երեխաների վիճակի տնօրինումը Աբովենց Հարությունի կողմից՝ պետք է դիտել որպես վեպի օրգանական անհրաժեշտ մասը։ Հեղինակը ևս այդպես է հասկացել «Զանգի» հավելվածի հարաբերությունը բուն վեպի հետ։ Հավելվածի վերջում Աբովյանի արած այն արտահայտությունը, թե՝ «Աղասու սուքն արինք պրծանք» և ապա դրան հաջորդող տողերը, որտեղ հեղինակի կողմից իր ողջ երկի գնահատականն է տրվում, այդ են ապացուցում։ Համարելով այդ երկը արդեն ամբողջացած և ավարտված, վերոհիշյալ հատվածում Աբովյանը իբրև ամփոփում գրում է․ «Աղասու սուքն արինք պրծանք, ախ՝ նրա պես հայազգի հիշատակը, նրա պես աննման հսկայի պատմությունը՝ ես չպետք է գրեի։ Երանի էն սհաթին, որ մեկ ազնիվ հայի ծնունդ, իմ անպիտան լեզվի վրա բարկանա, իմ անպիտան գրությունը դեն քցի ու ինքը նորեն էնպես գրի մեր քաջ հայերի պատմությունը, որ լսող, կարդացող վառվի, բորբոքվի, զարմանա, հիանա ու էն գրողի ղալամն ու գիրքը, ինչպես Պետրարքինը՝ մասունքի տեղ պաշտի, ծոցումը պահի։ Սերն էր, որ ինձ համարձակություն տվեց՝ որ գրեցի, թող՝ կարդացողը պակասությունս երեսովս չտա»։

Եվ վերջապես, նկատենք, որ ինքնագիր բանաստեղծությունների մի տետրում (№ 58) զետեղված «Զանգի»–ի հատվածը Աբովյանը վերնագրել է «Հատված ի րոմանե (վիպասանութենե ) «Վերք Հայաստանի, վիշտ հայրենասիրի»։