Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ծառա եմ աջիդ, ի՞նչպես ա մեր հոգևոր տիրոնչ քեֆը, ջանը սա՞ղ ա, գամաղը չա՞ղ ա, լավ դռի՞ ա, թե ոտից ձեռից ընկել ա։ Աստված նրան իր թախտին հաստատ պահի,[1] նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի․ քանի որ նրա շունչը կա, Աստված մեր ռզղը միշտ կհասցնի։ Մեկ Աթոռ ունինք, մեկ Հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունինք։ Գշեր, ցերեկ մեր խնդիրքն է՛ն ա, որ Աստված մեր Աթոռը շեն ու պայծառ պահի, մեր հոգևոր տիրոնչ կյանքը երկար անի, ինչ ունինք, ձերն ա, մեր որդիքն էլ տեղն ընկած տեղը ձեր ուղուրին կծախենք, թաք ըլի ձեր աչքը մեզ վրա քաղցր ըլի»։

«Օրհնյալ լինիք, Աստված ձեր հավատն օրհնի, Աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի», պատասխանեց եպիսկոպոսը, «դուք որ կաք, Լուսավորիչ պապի գառներն եք, հալբաթ, որ ձեր եղը պետք է ուտենք, ձեր կաթը կթենք, ձեր բուրդը խուզենք, շոր կարենք, թե չէ հո՝ մերն ա էն սև քարը, ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անենք, ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք։ Ինչ որ կտաք, մենք էլ պետք է աչքըներս խփենք, ձեռըներս դեմ անենք, էն առնինք, ձեզ օրհնող ըլինք, ընդով յոլա գնանք։ Վաճառականություն ասես՝ թե ռաչպարություն, ջուհլակություն, թե բազմանչություն՝ դուք էլ գիտեք՝ որ մեր ձեռիցը չի՛ գալ։ Սևագլխի փիրն իրան խռով ըլի, ընչի՞ ա պետքը էս աշխարքումս, օղլուշաղի երես չի տեսնում, մարդամեջ չի դուս գալիս, ի՞նչ ա մեր կյանքը, մենք հո մարդի կարգում չենք։ Դուք մեզ կտաք, Աստված էլ ձեզ կտա, մենք էլ մեր մեղավոր բերնովը Աստված կաղաղակենք՝ գշեր ցերեկ, որ դուք միշտ բախտավոր ըլիք, ձեր մինը հազար ըլի, ու որդով, զավակով ծաղկիք, ծլիք, զորանաք»։

«Հա՛յր սուրբ՝ գլխիդ ղուրբան, քո ոտի հողն եմ, լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես՝ որ ընչանք բանը բանին ա հասնում, դանակն ոսկորին դեմ ա ըլում, էլ հանիլ չի կարելի», էն դհիցը քյոնդալանա մեկը ձեն ուզեց ու փափախը դզեց։ «Մենք էլ <ենք> լավ գիտում՝ որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք՝ որ տասն էրկու խաչապաշտի եթմիշ իքի միլլեթի գլուխն Հայն ա, Հայի ժամի արարողությունն ու շարականը, Հայի մեռոնն ու Հավատամքը՝ մեկ ազգ էլա չունի, ամա էս անօրենքները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ, մալ են տեսնում մեզանում՝ խլում են, աղչիկ են գտնում՝ քաշում են, մեզ կրակն են դրել, սաղ սաղ էրում են, փոթոթում, թե մեկ խոսք էլ ասում ես հո՝ վա՛յ քո օրին, արևին՝ գլխիդ էնքան բոնցկում են (մուշտում), որ աչքդ բուռդ ա ընկնում։ Տունդ էլ որ քանդեն, ձեն չպետք է տաս. ախր որ մեր միսն էսպես գազանի պես ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի։ Տեղից վեր կենողը ոտը մեզ վրա յա բարձրացնում։ Չիլում՝ որ մեկ օր գնանք, ջուրը թափինք, պրծնինք։ Ախր էս հո օր չի՝ որ մենք քաշում ենք։ Մնացել ենք եթմի պես շլինքներս ծռած. սրա վերջն ախր ի՞նչ պետք է ըլի, գիր չե՞ք բաց արել, ի՞նչ ա ասում․ էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնա, վախտը հասել չի՞, որ մեկ Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, էնպես որ մեկ պստիկ ասեղ էլ՝ մեկ օրվան ճամփից էրևեր, աճուճ պաճուճը, Եղիա

  1. [մի<նչև>]