Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարգարեն գային, մարդիկ մեկ թզի չափ դառնային, մեր սուրբ Էջմիածինը ու Երուսաղեմը մնային, մեր ազգը զորանար, էս անհավատ անօրենքները մի կորչեին, ջնջվեին ու մենք սկսեինք երկնքի ու երկրի փառքը վայելիլ, ինչպես որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսավորչին պատմել ա։ Մենք էլ ասողից ենք լսել, հո մեր գլխիցը չենք ասում։ Ախր աթադան, բաբադան էսպես ենք իմացել՝ թե Աստված պետականը՝ որ մեր սուրբ Լուսավորչուն էնքան չարչարեց, տասնը չորս տանջանք տալ տվեց, տասնը չորս տարի Խոր Վիրաբումը35) ծառա եմ նրա սուրբ զորությունին՝ (ասեց ու երեսին խաչ հանեց) պահեց, մե՛ր խաթեր էնպես արավ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ Աստուծո մոտ պարզերես գտնվի ու երկնային թագավորությանը վայելի։ Ա՜խ՝ ի՞նչ կրլեր որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ մի լիս տեսներ․ երկրի թագավորությունը մեր ընչի՞ն ա պետքը, երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամեն ազգ էլ տեսնին ու մեզ էրնակ տան։ Մեր գլխին թագ, իրանցը բաց տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծությանը էնքան եսիր էին էլել։ Տերտե<րներ>ն էլ են գիր բաց անում, ղորդ ա, ամա շատը իրանցից են ասում՝ նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի․ սուրբ աթոռն էնտեղ էլած տեղը, մենք նրանց մուննաթը պտի ընկնինք։ Մեկ ջուղաբ տո՛ւր՝ է․ աչիդ ղուրբան գնամ․ ձեր ոտը շատ գիտի, քանց մեր գլուխը։ Մենք որ կանք՝ սարի հայվանի պես առավոտները վեր ենք կենում, երեսներս լվանում, խաչ հանում, մեկ քանի խոսք էլ գլխըներիցս դուս տալիս, ու գնում մեր բանը։ Գիրն էլ ա ձեր ձեռին, գրի բալանիքն էլ։ Ձեր մեկ մազը աշխարքի բարեբար բան գիտի։ Ասում են՝ թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ո՛չ թագավորություն կըլի, ո՛չ թախտ, հենց էսպես պտի չարչարվինք, մենք դատենք, ուրիշներն ուտեն։ Ղորդն ու սուտն Աստված գիտի, պարտական մնա ասողն էլ, գրողն էլ։ Ասում ա՝ մեկ գիժ մեկ կարաս կոտրեց, հարիր խելոք վրա թափեցին, չկարացին սաղացնիլ։ Բանն ընկել ա բերնեբերան, ասածդ հո չե՛ս կարալ եդ ուտիլ։ Մեր պապերիցը մեր անկաջն ա ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան։ Վա՜յ հախին, վա՜յ նհախին։ Լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, տղամարդություն էլ՝ որ մեր դուշմանի հախիցը վեր գանք։ Մէկ Հայ՝ տեղն ընկած վախտը՝ լավ տասը Թուրքի էլ տակն ա դնում ու միսըները բերանները տալիս։ Ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարաք ուտում, ու մենք շատ վախտ շաբթով, ամսով՝ հենց ցամաք հացով, ու խոտով, բանջարով ենք յոլա գնում, ամա՝ ղուրբան ըլիմ մեր սուրբ մեռոնի ու Լուսավորչի լիս հավատին, նրանց զորությունը շատ շատ ա։ Փի՛ր ըլին մեր սրբերն ու մեր ամենափրկիչ սուրբ Գեղարդը․ մեկ բան ըլելիս, յա ղոնշուն դուս գնալիս, մեր մի Հայի մեկ դագանակով էլ շատ անգամ տասը Թուրքի գլուխը կջարդի, մեկ մատով որ խփի, տեղնուտեղը բանհոգի կըլին, Հայի փիրն ու սոյը Ա՛ստված օրհնի։ Ամա ի՞նչ անենք, որ մեզ հրաման չկա թուր բանացնել։ Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ, որ Հայ քրիստոնեն՝ էլ թուր չի վերցնի։ Քրիստոնեի թուրը՝ աղոթքն ա, ժամը, պատարագը, պասը, ծոմը, ողորմություն տալը։ Ասիլը հեշտ ա, անիլը դժար։ Թո՛ղ ժամ, պատարագն