Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ ի՞նչն ա պակաս։ Աստված ո՛չ շհանց տա, մենք էլ ձեռըներս դոշներիս՝ սաղ գիշերը նրանց առաջին, յա պետք է չոքենք, յա կանգնինք, որ քեֆըները թամամ ըլի։ Շատ անգամ վարդապետ էլ ա թրատվում, յարալու ըլում։ Էսպես ընչանք մենք նրանց մեր հասաբիցը դուս ենք տանում․ մերը մեզ ա հասնում»։

«Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն։ Պտի համբերենք, համբերությունը կյանք ա։ Կարելի ա, որ մեկ օր Աստուծո ողորմության դուռը բացվի, յա էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կփչանանք ու Աստուծո սուրբ տեսությանը կարժանանանք, կամ թե չէ մեկ ճար կըլի մեզ։ Քրիստոնեն սրով չի՛ պետք է՝ իր բանը յոլա տանի։ Նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա։ Էսպես արեց մեր էն էշ գեղըցի հիմար Աղասին էլ, որ մեկ աղչկա խաթեր սուր քաշեց ու խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին ու նրա հալևոր հերը ու գեղի քեդխուդեքն՝ էս ա, հինգ տարի ա, բանդումը քոթկումը չորանում, մաշվում են ու Աստված գիտի՝ թե վերջըները ի՞նչ կըլի։ Ո՛չ մելիք Սհակի, ո՛չ Կաթողիկոսի մունաթը մեկ օգնություն չարին։ Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, ճամփա կտրում ու իր թշվառ օրը էսպես անց կացնում։ Ով ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց, գելերոց կըլի։ Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տազ անի։ Չէ՛, չէ՛՝ սիրելիք, քանի կարանք, մեր գլուխը պահենք, հա կասեն, հա ասենք, չէ կասեն, չէ ասենք, չէ՛ կասեն, չէ՛ ասենք, կասեն՝ նստի՛ր, նստի՛նք, վե՛ր կաց՝ վե՛ր կենանք, մինչև տեսնինք՝ թե բանն ի՞նչ տեղ կհասնի։ Ասում են՝ թե Ռսներն էկել՝ Աբարան են հասել, ո՞վ ա խաբար, բալքի նրանցից մեկ ումուդ ըլի, Աստուծո բանն անքննելի ա։ Աստված նրանց թուրը կտրուկ անի, թե մեկ նրանց ոտը մեր հողը կմտնի − էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն։ Շտապիլ հարկավոր չի՛։ Ցիցիանովն ու Գդովիչը Երևան չառան, բալքի թե Աստված չէ՛ր կամեցել, որ մեզ էլի փորձի։ Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնինք, վերջներս ի՞նչ կըլի։ Ամա էլի եմ ասում, քրիստոնեն թրի կոթն էլ ձեռ չի՛ պետք է առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին[1])։ Իրիգնաժամի զանգակը տվին, գնա՛նք ժամ, աղեթք անենք, հլա շատ կխոսանք. ա՛յ տղա՝ վեղարս տո՛ւր, մաշիքս դի՛ր, ժամիցը եդը՝ գիշերն երկար, մենք պարապ, էնքան խոսանք, որ քուններդ տանի»։ «Աստված բարի ճամփա տա՛, հա՛յր սուրբ, էդ բերանդ լիս դառնա, էդպե՛ս պետք է քարոզել խալխին։ Աշխարքումը կենալը ի՞նչ լազաթ ունի․ Անապա՛տը պետք է գնացած՝ Անապա՛տը, որ Աստված երկընքիցն ուրախանա, երկիրս քիչ քիչ քանդվի, Սատանեն ճաքի, տրաքի, հրեշտակները մեզ շուտով տանին, մեր փառքին հասցնեն։ Ազգն ի՞նչ ա, աշխարքն ի՞նչ։ Բոլոր սուտ բան ա։ Ամեն մարդ իր հոգու ճամփեն պտի գտնի։ Քանի կարաս, օր առաջ թադարեքդ տես, որ եդ չընկնիս»։

Տիրացուն իսկույն վեղարը տվեց, ֆարաջեն հաքցրեց, վարդապետը մաշիքը դրստեց, առաջը դրեց, իշխանքը գլխըները տմբացնելով, քուրք ու

  1. Էս խոսակցությունիցը իմացողը կիմանա, թե ի՞նչ էր մեր խեղճության պատճառը։ Էլ ես չեմ ուզում բերանս բաց անիլ։ Ինչ ավետարանի կողքին գրած ա, սուրբ ա, բե՛ր հասկացողը, էն ժամանակ գլխիս խփի՛ր։