Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտը՝ նրանց տանիցը դուս էին գալիս, րիգունը մթանը նրանց օճորքի տակին քնում ու նրանց հարյուր տարեկան հերը դեռ երեկվան երեխի պես՝ բեղերն օլորում, միրուքը սանդրում, փափախը կոտրում, նրանց հետ պար գալի, խաղալիս՝ խաղում, սազ ածելիս՝ շատ անգամ ինքը սազը ձեռներից խլում, ածում, խաղում, քսան տարեկանի պես ձիու վրա նըստում, ասպաբը գցում ու սարերում, ձորերում, չադրի տակին՝ պարզիկա, գիշերը՝ որդվոցը իրան արած քաջությունները, լոռըցոնց տղամարդությունը, հին հին բաներից, Լազգուց, Թուրքից հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ թուրը ու թվանքը բարձի տակին, ոտը գերեզմանումը՝ թուրը կոխքին քաշ, յա պատանի հետ՝ պե՛տք է հողը տարած՝ որ անբան քարն էլ իմանա՝ թե ո՞վ ա իրան տակին թաղած։

Էն Հովակիմը՝ որ մեկ օր լեղանալիս՝ մեշիցը հանկարծ՝ որ տասնը հինգ Լազգի չեն դուս գալիս, ինքն էլ կամաց կամաց ջրիցն ա դուս գալիս, ու որպես թե նրանց բանի տեղ չի՛ քցում, սկսում ա շորերը հաքնիլ։ Լազգիքը սովորաբար մարդ չեն սպանիլ, սաղ սաղ կբռնեն, որ տանին, ծախեն։ Հենց որ մոտանում են, ձեն ա տալիս էս աժգհեն՝ որ կանգնին, ու ասում, որ տղամարդություն է՛ն չի՝ որ տասնըհինգ մարդ մեկի վրա թափին, բռնեն. թե սիրտ ունին՝ իրանք մեկ կողմը կանգնին ու ինքը մեն մենակ, թե որ հաղթեն, թո՛ղ էն ժամանակը բռնեն տանին։ Լազգիքն էլ իրանց գլուխը էնքան ցած չհամարելով, համաձայնում են։ Ասլան Հովակիմը թվանքը քցիլն ու առաջի մարդին սպանիլը մեկ ա անում։ Էս ղզղուն վախտը՝ էլ գյուլին չի մտիկ անում, թուրը հանում ա, մեջներն ընկնում, թշնամին երեսը եդ ա շուռ տալիս, տասնըչորսին էստեղ, էնտեդ որը թրով, որը փշտովով սպանում, աղցան անում։ Վերջին տասնը հինգերորդն էլ՝ որ էսրի պես չոքում, գլուխը դեմ չի անում քաջին՝ նա թևիցը բռնում, վեր ա կացնում ու ասում. «քեզ քո կյանքը կբաշխեմ, որ գնաս ձեր երկիրն ու ձեր քաջ ազգին պատմես, որ իմանան՝ թե մենակ իրանք չի թուր խփիլ գիտեն, թե Լոռու Դսեղ գեղումը էսպես ինձ նման հազարավորները կան, որ թե ուզենան, ձեր երկիրը ոտի տակ կտան, կջնջեն։ Ամա Հայ քրիստոնեին մեղք ա էսպես բանը, մեր օրենքը չի՛ հրամայում»։

Է՛ս Հովակիմը, է՛ս Լոռու ձորերի Աստվածը, է՛ս սարերի արծիվը, է՛ս մեշեքանց ասլանը՝ մենակ հերիք էր՝ որ մեկ քարի քամակից ձեն տալիս, մեկ չոլում ռաստ գալիս՝ հարյուր Թուրքի լեղին ջուր կտրի, աքերը սևանա։ Էն սևացած, արևի, անձրևի տակի մուր դառած՝ ունքերի տակիցը՝ որ աչքը չէ՛ր ընկնում մարդի երեսի՝ էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած։ Քանի՜ քանի էսպես ղոչաղ տղերք քամակին քցած՝ գիշեր ցերեկ՝ էս ահագին հսկայն վիշապի պես պտտում ու Լոռվա ձորերումը ու սարերի գլխին ղուշը երկնքիցը վեր էր բերում, ձիավորի ոտի իզը բռնած՝ ձորե ձոր ընկխոլմ, ֆորսի քամակիցը հասնում, ու տասը ձիավորով՝ հարյուր ձիավորի մեջը ճղում, ջախըփուրթ անում, ու էլի Թուրքերի օրեքանց միջովն անց կենալիս՝ մեկն էլա չէ՛ր սիրտ անում, որ աչքն էլա խեթի։ Ինչպես ինքն էր մեծացել, էնպես էլ իր բոլոր ընկերքը, ամեն մեկ տան հինգ վեց տղամարդ կար, զարթնե մեծն ու պստիկը ու