Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենին էլ սրբություն տո՛ւր, դրա զորությունին ղուրբան, մեռնինք, հոգու փրկություն ա, ապրինք, մարմնի առողջություն։ Խոստովանության վախտը չի՛. Աստված ինքը գիտի, որ մեր սիրտն արդար ա։ Թե մեռնիմ, ինձ թաղեցե՛ք, իմ հոգուս հացը տվե՛ք ու էս ջիվան որդուս պահեցե՛ք։ Հինգ որդի ունիմ, իրեք ախպեր, վեց, օխտը՝ ախպոր զավակներ, հարսն ու թոռը, ամա իմ աչքի լիսը սա յա էլել։ Ամենից ավելի սրան եմ ուզել, սիրել։ Ա՜խ՝ թե գիտենաք՝ սա ի՞նչ ցեղից ա։ Վա՜յ ի՞նչ ասեցի, դուք լավ գիտեք։ Սա մեր քաջ Վարդանի Մամիկոնյանի արնիցն ա։ Երեխա էր, որ հերնըմերը մեռան, ես սրան վեր առա, ինձ որդի շինեցի, ու ինձ որդուց ավելի համ տվեց։ Ջուրը որ քցեի, կընկներ, կրակը քցեի, երեսը եդ չէ՛ր դարձնիլ։ Տեսնո՞ւմ եք էս լեն ճակատը, էս պարթև բոյը, էս արծվի աչքերը, էս գեղեցիկ պատկերը՝ լսե՞լ եք սրա անուշ լեզուն։ Եկեղեցին մտնելիս՝ հենց իմանաս՝ հրեշտակ ա մտնում. մեր մեջը դուս գալիս՝ հենց բռնես՝ արեգակ ա ծագում։ Ա՜խ՝ ամեն մեկ սրան մտիկ տալիս, ամեն մեկ սրա ձենը լսելիս, էնպես եմ իմացել՝ թե սուրբ Վարդանն ա առաջիս կանգնած։ Տե՛րտեր ջան՝ սրան օրհնի՛ր, ձեռդ դիր գլխին․ ո՞վ ա խաբար, աղոթարանը բացվում ա, արնով լցված, սրտովս դառը մտքեր շատ ա անց կենում, ամա մեր հավատը զորավոր ա»։

«Վարդիկ ջան՝ արևիդ մեռնիմ՝ քանի շունչս վրես ա, արի՛, մեկ քեզ համբուրեմ, արի՛, էդ սուրբ երեսիդ ղուրբան ըլիմ։ Թե հողն էլ մտնիմ, էդ արդար ձեռովդ իմ աչքս խփի՛ր, իմ հողը դո՛ւ քցի՛ր, իմ մեծ որդին դո՛ւ ըլի՛ր, իմ տեղը դո՛ւ բռնիր, իմ տունը դո՛ւ հովվի՛ր։ Քանի ոտդ իմ շեմումն ըլի, իմ տունը կծաղկի, քարերն էլ ինձ պտուղ կտան։ Արի՛, երեսիդ մեռնիմ, իմ երկրո՛րդ Վարդան, իմ ազի՛զ Վարդան. գերեզմանումն էլ որ ըլիմ, որ դու գաս, երեսս կոխես, հենց կիմանամ՝ հրեշտակ ա թևերն վրես փռել։ Արի՛, արի՛, երեսս ոտիդ տակը․ բալքի թե՝ էս ձեռը՝ որ հիմիկ քեզ խտտում ա, էս աչքը՝ որ սուրբ երեսդ տեսնում, էս լեզուն՝ որ հետդ խոսում, էս օր բոլորն էլ լռվին, ու մարմինս քո առաջին՝ անշունչ, անլեզու ընկած ըլի։ Լաս՝ ես չլսեմ, սքաս՝ ես չտեսնիմ, չիմանամ։ Վարդանի՛ Աստված, Վահանի՛ Աստված, ո՜վ սուրբ Լուսավորիչ՝ թե էս ծերացած գլուխը՝ էլ ջեր օր չի՛ պտի տեսնի, թո՛ղ սրա ոտի տակին մեռնիմ։ Թե էս հալիվոր աչքը՝ էլ արեգակի լիս չի պտի տեսնի, ա՜խ՝ Աստված — Քո հողն եմ ու մոխիրը, թո՛ղ՝ սրա ձեռն իմ երեսիս մեկ բուռը հող քցի։ Վա՛րդան ջան՝ արևիդ մեռնիմ, մի լար, քո արտասունքը սիրտս էրում, խորովում ա։ Մի՛ լար՝ էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան. քո սուրբ պապի օրհնությունը մեզ վրա յա, սրբի՛ր աչքերդ։ Մկամ քեզ որ օրհնեմ, ես պտի մեռնի՛մ, քեզ ո՞ր օրը չեմ օրհնել, ո՞ր օրը չե՛մ գովել ու երեսդ երեսիս՝ աչքերս երկինքը քցել, քեզ ումբր ու արև խնդրել։ Արի՛՝ որդյակ իմ. արի՛՝ հո՛գի իմ. իմ տան սին, իմ կենաց գավազան, իմ օրհնությունը՝ հոր օրհնություն ա։ Հոր ձենն Աստված թեզ կլսի։ Արի՛՝ քեզ օրհնեմ. վախտը հասել ա, գնա՛ մորդ մոտը. մյուս տղերքանցս սիրտն ա՛ռ, քեզ պահիր։ Աստված էս ձեռը՝ որ մինչև էսօր մեկի մազի չի դիպել, չի՛ թուլացնիլ։ Դուք ինձ համար աղոթք արեք ձեր արդար բերնովը։ Էս տղերքանց ջանն ըլի սաղ․ առծիվը երկնքիցը վեր կբերենք։ Տերտեր ջան՝ Պահպանիչդ ասա՛, ավետարանը կարդա, մեկ կարճ աղոթք անե՛նք, Աստուծո էս սուրբ երկնքի տակին, բալքի թե դհա