Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղազախ, Քուրդ, սարվազ ինչ տղամարդություն ունեին՝՛ թափեցին՝ ո՛չ նիզամով կարացին, ո՛չ երշով մեկ քանի հողագործի տուն առնեն։ Որտեղ մոտանում էին՝ տան դռներիցը, սելի արանքներիցը թվանքները էնպես էին ճռռում, որ շատ Պարսիկ իր ընկերին էր ոտնատակ տալիս։ Տավար, ոչխար գնացին, արտերի կրակի բոցը և ծուխն երկինքն էր հասել։ Հասան-խանը հուսակտուր սկսեց Սահակ Աղին ղրկել, որ նրանց սիրով հորդորի, գան, նրան գլուխ վեր բերեն, Ռսիցը դոնմիշ ըլին, իրան հնազանդին, նա նրանց մազին չէր դիպչիլ․ բայց Սահակ Աղեն՝ էս Երևանցվոց փրկիչը որ օրը հարիր մարդի գլուխ պրծացնում, գազանի ձեռիցը իր ազգին խլում, պահում էր՝ օրը հարիր աղքատ Հայի՝ դարդին հասնում ու Թուրքիցն ազատում էր, ի՞նչ սրտով պետք էր նրանց խրատ տա, որ Աստված թողան, սատանին հնազանդին։ Բայց հրամանը ծանր էր, չաներ, հազար Հայի սարվազ ու ձիավոր՝ որ ղոնշունումն էին, մեկ րոպեումը սուրը կքաշեին։ Աղլուխը աչքին դրած՝ մոտացավ էս պաշտելի իշխանը։ Նա չէ՛ր արտասվում, թե գան հնազանդին, նա լաց էր ըլում՝ թե իրանց գլխի ճարը տեսնին ու գազանի ձեռը չընկնին։ Հենց Հայի ղոնշունը մոտացավ՝ Սահակ Աղեն նրանց գլխին։ Հենց բերանը բաց արեց՝ որ խոսի, ոչ թե նրանց դարցնի, այլ խրատ տա ու մխիթարի, հարիր թվանքի բերանը ցցվեց․ «Գնա՛՝ Աջամի Հայ, էդ երեսիդ մեռոնին ենք խաթր անում, թե չէ՝ վաղուց ձեր արյունը մեր հողը կներկեր, վաղուց ձեր հողին մեզ ղուրբան կըլեր։ Լուսավորչուն գնացե՛ք խունկ ու մոմ վառեցե՛ք՝ որ ձեզ սաղ սաղ եդ ենք դարձնում։ Մենք Աջամի հացը չենք կերել, Աջամի ձեռի տակին չենք մեծացել՝ որ նոքար դառնանք։ Դուք մեր թրի հունարը լավ գիտեք, դուք ղրաղ կացե՛ք․ ձեր ի՞նչ գործն ա. թող մեր թշնամին մեր առաջը գա, սիրտ ունի՝ մոտանա, սովորել ա գողի պես գեղեր քանդի, տավար հետ ածի, թե կտրիչ ա, թող իր հունարը ցույց տա։ Մենք հազար մարդ չենք ըլիլ, ձեր ղոնշունը քսան հազարից էլ ավելի ա. քանի շունչ ունինք մեր հողն ու օղլուշաղը ձեզ չենք տալ, ե՛դ դառ»։

Ինչպես մեկ կատաղած ղաբլան (վագր)՝ էս բանը որ լսեց Հասան-խանը՝ հրամայեց զորացը՝ որ թրի, թվանքի մտիկ չանեն, յա էն օրը մեռնին, յա՛ իրանց ամոթը ծածկեն, յա՛ Խլղարաքիլիսեն տակն ու վեր անեն, յա՛ իրանք տակովն ըլին՝ ինքը թուրը հանած՝ ուզում էր՝ որ նրանց առաջին գնա ու առաջին թուրը ինքը խփի, սելի սանգարը ինքը կոտրի, ավալի եսրի գլուխն՝ ինքը թռցնի, Օքյուզ-խանը մեկ կողմից, Նազի-խանը մյուսից՝ հազար մուննաթով նրան կակղացրին՝ որ իր անօրեն կենացը խնայի, իր գլխի պատիվը չկորցնի. ինքը չադրումը նստի, սարիցը նայի՝ տեսնի թե ի՞նչ հրաշք կգործեն նրա ծառեքը. երբ իրանք կմեռնին, էն ժամանակը թող գա՝ որ նրանց արընի ջառմեն հանի։ Խնդրները կատարվեցավ, երկաթի երեսը մի քիչ դինջացրեց, քոստ միրուքը սղալեց ու քավթառքոսի աչքերը դես ու դեն քցելով, անատամ չանեքը իրար խփելով՝ նոթերը կիտեց, ղայլանը քաշեց, որ քիթ ու պռունկը դեռ ծխով լիքը՝ դժոխքի բերանը բաց արեց, որ ինչ Հայի ձիավոր ու սարվազ կան՝ առաջ քցեն, իրանք եդևիցը գնան՝ որ սրանք կոտորվին, փարութը հատնի, որն էլ եդևիցը սպանեն՝ թե իրան հավատակցին ղիմիշ անի ու երըմիշ