Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարցրեց, արեգակը աչքը խփեց։ Արին էին ուզում Հայոց հսկայքը պրծացնիլ. իրանց ազգի արինը պետք է թափեին. հազար մարդ էին ուզում պահպանել, հինգ հազար ջիվան տղերք սրախորով անիլ․ տասը հազար մանր երեխա, մեծ, պզտիկ, անհեր, անախպեր թողալ։ Մեկ գեղ էին ուզում շինիլ, մեկ սաղ աշխար քանղիլ. իրանք բոլոր մեռնեին, եդի էկողները կասեին՝ թե թշնամին նրանց կոտորեց, բայց թե իրանք իրանց ազգի վրա սուր քաշեին, հազար բերան ազգե ազգս պետք է նրանց անիծեր՝ թե Հայը Հայի տունը քանդեց, Հայը Հային կոտորեց։ Տղամարդություն էին ջանք անում ճարեն, ամոթ նախատինք պետք է նրանց հավիտյանս հավիտենից մնար։ Շատ էլ ուզեց, որ Աղա Սարգիսը աչքին սրտին հուփ տա, բայց արինը եդ դառավ, արտասունքն եկավ լցվեց, կրակը հանգավ, դող ու սրսուռ ընկավ ջանը։ Առաջին էր նայում՝ իր ազգն[1] էր լալիս, եդևն էր նայում՝ գեղը վայ տալիս, երեխեն գոռում, օղլուշաղը մեռնում, «էկան, էկան՝ վայ մեր օրին»։ Բայց ո՛չ էրեխեքանց սուգը, ո՛չ կնանոնց լացը, ո՛չ մահն ու կյանքը՝ էլ նրանց աչքին չէկան։ Երկնային հրեշտակն անմահության պսակը ձեռին՝ էկավ նրանց վրա կանգնեց, նրանց ձեն տվեց. «Հազար ու բիլոն ձեր ազգիցը էս օրը քաշեցին, թե ազգ եք ուզում պահել, ահա՛ ձեր առաջին, մեռեք նրանց ուղուրին, որ քանի աշխարհս կա, ձեր անունն հիշվի՝ թե դուք ձեր ազգի արինը լավ համարեցիք, քանց ձեր իսկ կյանքը, քանց ձեր որդիքը։ Էլ ի՞նչ եք կանգնել, կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք ու վրա թափեցե՛ք»։

«Կրա՛կ տվեք, տուն օղլուշաղ էրեցե՛ք, վրա թափեցե՛ք, տղերք-էրեխեք — մնաք բարով, ամպեր թափեցե՛ք, երկինք գոռացե՛ք, հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր, սուգ արե՛ք, վկա կացե՛ք։ Ո՛վ անց կենա էստեղ՝ ասեցեք՝ թե մենք մեր ազգի համար մեզ մատաղ արինք, մեզ գերի տվինք, սուրը քաշվեցինք, սելավ ըլեր՝ մեզ տանիլ չէ՛ր․ դժոխք ըլեր՝ մեզ մոտանալ կարող չէ՛ր․ երկիր բացվեր՝ մեզ կուլ տալ կարող չէ՛ր, սաղ Պարսկաստան պոկ գար՝ մեր մեկ մազը թեքել չէ՛ր․ Հասան-խան՝ քո ամեն մեկ թիքեդ հազար սատանի ձեռք ընկնի. քո ջիդեն սրտումդ ցցվի։ Որդիք, բալա, օղուլ,[2] զովում, զարդաշ՝ էլ սուգ մե՛ք[3] անիլ։ Մեր տները թո՛ղ մեզ գերեզման ըլին, մեր արինը մեզ մեռլաջուր, մեր հողը մեզ պատան, մեր ձենը մեզ ժամ, պատարագ։ Սուրբդ Վարդան քաջ նահատակ՝ դո՛ւ տուր մեզ պսակ»։

Խոտի դեզերի կրակն ու բոցը՝ խեղճ օղլուշաղի հարայ հրոցը, դարմանի ծուխը, կալերի մուխը՝ ամպի պես ելին, օրը խավարացրին, գեղի չորս կողմը առավ ալավը, տների մեջ ծով դարձավ լացը, էլ ո՛չ հեր կարաց որդուն համբուրի, էլ ո՛չ մեր կարաց տղին մեկ տեսնի։ Հարսի սրտումը իր սերը մեռավ, փեսի բերնումը լեզուն չորացավ։ Քիրն ուզեց ախպորն ջան էլ ա ասի, ախպերն քվորը իր խտիտն առնի։ Մեր ու խեղճ հարսներ՝ իրանց էրեխեքն՝ տղերք ծերունիք իրանց սուրն ու զենքն դոշին կպցրին, երկինքը նայեցինք աչքները խփեցին ու ա՜խ քաշեցին։ Մեկը դուռը փակեց՝ որ կրակումն էրվի, մեկն աչքը խփեց՝ որ ցավ չտեսնի։ Տղերքը գեղիցը դուս թռան դաշտը, տանըցիք փախան՝ որ ընկնին կրակը։ Էլ լաց չէր գալիս նրանց կարոտ աչքը, նրանց բուրջ, բադան մնաց երկինքը։ Տունը քանդեցին

  1. [էլ]
  2. [շաղուլ]
  3. միք=մեք