Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազար գլուխ ես կտրել, Ղարս ու Բայազիդ քանդել, ավերել, ափսո՜ս չի՞ էդ ղոչ գլուխդ քարի տակի մնա։ Չէ՛, չէ՛, Հասան շուն, Հայի սիրտը մեծ ա. քեզ վրա պետք է գյոռ շինած, քար կագնացրած, անունդ ու պատմությունդ վրեն գրած, որ մեր որդիքն էլ քո տղամարդությունն իմանան, ու քեզ պես շան ձեռին գերի չընկնին, ձեզ գերի անեն, ձեզ կոտորեն, ձեր հոգին հանեն։ Էս էն քարերն են, որ ոտնատակ էիր տալիս ու հազար գերի վրներովը տանում կամ սպանում. որ հմիկ ոտդ բռնել են, քեղ ուզում են կուլ տան, քեզանից վրեժ պահանջեն, բայց ես չե՛մ տալ, ես քո արինը էդպես էժան չեմ ծախիլ, էդ թանգ ջանդ ի՞նչպես շուտով վարթարաֆ կանեմ․ հլա ինձ շատ պետք է տեսնիս, որ արածներդ միտքդ բերես դու, ամաչիս,[1] որ Հայի ղուլ ես դառել, ես ուրախանամ, որ քեզ լավություն կարողացա անիլ, ու մեկ քանի ժամանակ էլ կյանքդ երկարացրի։ Երեսիդ խաչ հանի՛ր, երեսդ մեր աղոթարանը դարձրո՛ւ, դու մեր անտեր Հայերին շատ ես Քո քյաբի կողմը դարձրել, ու շլինքը կտրել, էս օր էլ դու մեր աղոթարանը ճանաչի՛ր, մերիցն արեգակն ա դուս գալիս, մեր դաշտերը ծաղկացնում, ձերիցը տաք քամի գալիս, հանդերը էրում, չորացնում։ Չոքի՛ր, Հասան-խան՝ տերտեր չե՛մ, ամա գետը մոտիկ ա, ջուրը կքաշեմ, Հասան անունդ կդնենք Օհան։ Մեր պասը դեռ չես պահել, չունքի միս ուտելու սովոր ես։ Օ՜՝ մեր սրբությունը, որ էնքան ոտի տակ ես տվել թե որ Աստված տա՝ համն առնես՝ էն ժամանակը էդ սև երեսդ կսպիտակի, էդ գելի աչքերըդ գառնի կդառնա, էդ հոտած բերանդ կըդառնա Աստուծո տաճար․ մինչև մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի, մեր տերտերի ձեռը չաղաչես, Աստված երկնքիցը ձեն տա, քեզ չէ թե բաց կթողում, փառչա փառչա կանեմ, էդ փիս հոգիդ սատանեքանցը կտամ։ Շուտ չոքի՛ր, չոքի՛ր, թե չէ տեսնո՞ւմ ես էս թուրը, գլուխդ սոխի պես կթռցնեմ − չոքի՛ր»։

Քար ըլեր՝ կպատռվեր էս խոսքերիցը, ի՞նչ թե Հասան-խանը, աշխարքի տերը, երկրի քանդողը․ ամեն բանը տարավ համբերությամբ, ձեն չի՛ հանեց։ Քուրդ ասեր, Օսմանցի ասեր նրան էս խոսքերը՝ ե՞րբ էնքան կցավեր․ Հայից էսպես թուք և մուր ստանա, որ մինչև էն օրը խոտ, աղբ էր համարում։ Հայը նրա հավատը ոտի տակ տա՞։ Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին՝ հենց գիտես՝ նոր շունչ առավ, ատամները ղրճտացրեց, աչքերը կայծակին տալով՝ տեղիցը վեր թռավ ու կատաղածի պես ղամեն հանեց, վրա պրծավ՝ «Հայի շուն՝ դո՞ւ մնացիր, Հասան-խանի վրա ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր՝ ձեր հոտած հավատի լափն իմ գլխիս ածես․ գյոռդ պատռվի, Հասա՛ն-խան, հողը գլխիդ՝ էս ի՞նչ ես լսում։ Գլխիդ փափախը քամին տանի, քառանայիր, ո՛չ լսեիր․ էս ի՞նչ իմացար։ Հազար հազար մարդի փոր վեր ածես, մեկ Հայի կտորի առաջին էսպես կո՞ւչ գաս, էլ ո՞ւր եմ ուզում աշխարհներ առնեմ, որ էս խոսքը պետք է լսեի։ Ընչի՞ չի պետք է՝ ես Հայ օլանի քոքը կտրեի, որ ձեր անհավատ հոգին երկրի վրա էլ չըլեր», ասաց ու կատաղությամբ ղամեն էնպես Աղասու վրա շպրտեց՝ որ թե ձին չէ՛ր խրտնել, ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մեջտեղը պետք է ցցվեր։ Աղասին քարիցը կկարծեր, նրանից չէ՛ր կարծիլ էս բանը։ «Խա՛ն՝ կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակը կըլի, արինակե՛ր

  1. ամաչես=ամաչիս