Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գազան՝ էդպես հո չեն խփիլ, կամ գողի պես վրա պրծնիլ, ձեռս ափսոս ա՝ որ քեզ դիպչի, գազանին գազանով պետք է պատժած։ Խան՝ հլա ձիուս հունարը տե՛ս, հետո կիմանաս, թե ի՛նչ թուր ա վրեդ խաղում», ասաց հսկայն ու ձիուն ղամշեց, կատաղած ձին բերանը փրփուրը լիքը՝ առաջին ոտները որ չի բարձրացրեց ու թռավ Հասան-խանի լեղին ջուր կտրեց․ բայց բաղդը բանեց, ձին որ թռավ, նա մնաց մեջ տեղը անվնաս, մինչև Աղասին ձիու ջիլավը կքաշեր ու եդ կդառնար, Հասան-խանը հոգի առավ, փշտովը հանեց, ձիու ճակատը եդ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մեկ էլավ. հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծավ, առաջի ոտների վրա էնպես չոքեց ու գետնին դիպավ՝ որ Աղասու ոտի մատները օրզանգվին կպավ, աչքը կեծակին տվեց, սևացավ, արինը սրտումը թան դառավ։ Մինչև Աղասին ոտը օրզանգվիցը կհաներ, մինչև ձեռը թրին կհասներ, ու ձիու տակիցը կբարձրանար, Ասլան Հասան-խանը վրա հասավ, երկու լտրանոց թուրը շողաց. քար ու ձոր սկսեցին էն ա՝ էլ իրանց գլուխը լալ — Ասլան Աղասին գլուխը որ սաստիկ թափ չի՛ տվեց, էլ եդ փոքր արինը տաքացավ, մեկ ոտը օրզանգվումը, ձախու ձեռը թրին ղուրբան տալով, թշնամու դեմը բռնելով, աջու ձեռը որ Հասան-խանի գլխովը չի պտտեց, քաքուլի կամ միրքի մազի տեղ՝ չանեն ընկավ ձեռքը. մատները բերնումը, քիթը բողազի տակին՝ չանեն որ հուփ չտվեց, էն թաք թաք հին ատամներն էլ որ էստեղ, էնտեղ երևում էին՝ ճռռացին, իրար կպան ու փշուր, փշուր էլան, գլուխը հավի գլխի պես պտտելով էնպես սաստիկ ոլորեց, որ բոլոր տամարները ճռճռացին ու Երևանու Աստծու գլուխը Աղասու մեկ ոտի տակին մնաց, փորը մյուս, ու էսպես կագնած վրեն՝ ինչպես սուրբ Գեվորգ իր վիշապի գլխին՝ սկսեց մեր հսկայն մուշամբեն հանել, որ միշտ հետը ման էր ածում, դեմն ատամով ու աջու ձեռով յարեն կապիլ, դեմը էլ հավատի քարոզ կարթալ։ «Հայի ձեռի դու չե՛ս արժան, ոտը համբուրի՛ր՝ հայակե՛ր գազան. Հայի արնի ծարավ էիր, դե՝ կշտացի՛ր, ա՛նհոգի», ասաց ու մինչև կուռը կկապեր, արինն էնպես էր վեր ածում, որ խանի աչքին ու բերնին թափի, «Քեզ ասում եմ, մինչև Հայ չի՛ դառնաս, մինչև երեսիդ խաչ չի հանես, չե՛ս պրծնիլ, չե՛ս, ի՞նչ ես մտածում. ես էս օր քո լուսավորիչը պետք է դառնամ»։

Բայց ա՜խ, երանի թե հավատը էսքան չըլեր մեր Աղասուն մոլորացրել ու վիշապն ընկել էր ձեռքը, տար, վարթարաֆ աներ։ Սատանեն իր պոչը մի բանում չի խառնի, մինչև դու խաչը կհանես, նա իրան բանը կհոգա։ Հենց յարեն կապեց, պրծավ, մեր կտրիչը ու ձեռը շարժեց՝ որ արինը էլ եդ իր տեղը գնա ու ուզում էր՝ որ թշնամու չար ձեռները կապի, ու էնպես նրան հավատ բերի, աչքը որ բարձրացրեց՝ Աստված ո՛չ շհանց տա․ իր ընկերտիքը ամեն մեկը մեկ սարի ծերից թռած էկան, վրա հասան, «Աղասի ջան՝ գլխիդ ճարը տես, քեզ ման գալով հոգիքս թռավ, ախր ո՞ւր մնացիր. Հասան-խանը նոր ղոնշուն ա հավաքել գալիս ա, Խլղարաքիլիսեն էլ եդ կոխեցին. Բորչալվի թուրքերը կապիտանին գլխից հանեցին՝ թե ղզլբաշը Գյումրու բերդը կառնի, թոփ ու թոփխանա հետըներն առան, եդ դառան, ջրատար, ողորմելի խալխը մնաց չոլումը ոչխարի պես սառած, ոտը ո՛չ առաջ կարաց փոխել, ո՛չ եդը. որը ձի ուներ, էլ ո՛չ բարեկամի մտիկ արեց, ո՛չ ազգականի, վեր էլավ, փախավ. Գյումրի մնացածները՝ Աստված