Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու զրզնդոցի ձենի մեկ տուտը երկինքն էր հասել՝ ամպերն իրարոցով տալիս, մյուսը՝ գետնի գլուխը, մեջքը ոսկոռները ջարդելով՝ անդունդը խրվում ու հազար տեղ գռռալով, ջարդվելով գնում, կորչում, լռվում, պապանձում։ Կայծակի ամեն մեկ ճամպարակը, ճոպանը՝ ինչպես մեկ հրեղեն սուր՝ որ երկինքը չէ՞ր ճղում, ամպերի մեջքը կոտրում ու Ալագյազի, Մասսա, Դվալու գլխին թափին տալիս, ուզում էին՝ որ էս ահագին երկրի գլխները, իրանց աչք ձորերը տակ ու վեր անեն, քոռացնեն, իրար սպանեն ու սաղ սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին։ Ամպերը օխտը գլխանի վիշապի նման՝ երկնքիցը ճոլոլակ էլած՝ որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր, փշուր անեն. ու էլ եդ հազար թիքա արած ածեն անիրավ մարդի գլխին՝ որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ Աստվածանից վախենում, ո՛չ ջուր իրան օրինակ առնում, ոչ հողից մեկ խրատ վերցնում, ո՛չ իր խեղճ հոգու ներքին ձենը լսում, որ գիշեր ցերեկ լալով, արտասվելով, քնած՝ թե զարթուն՝ ձեն են տալիս, գոռում. «երկնքի արեգակի պես, երկրի հողի պես՝ դու Աստուծո պատկեր՝ բարի կաց, բարություն արա, քեզ պահի՛ր, լավություն արա, Աստծուն նմանի՛ր, ընկերդ պահպանիր, Աստուծո աշխարքը շինի՛ր, նրա ձեռագործը մի՛ քանդիր, որ դու էլ մնաս շեն, դու էլ չի՛ քանդվիս, հողին չի՛ հավասարվիս»։

Երկինք, երկիր, սար, ձոր, անկաջ, սւչք խփել, լալիս, սուգ էին անում, դոշներին ծեծում, գլխներին տալիս, երեսները պոկում պռճոկում, ամպք ուզում էին[1] Խլղարաքիլիսեն վերև քաշեն, անդունդք՝ իրանց ծոցը քաշեն, պահեն, քար ու հող իրար կտրատում, սպանում էին, բայց Աստուծո պատկեր մարդը՝ աչքը բաց, ականջը սրած, կռները վեր քաշած՝ կայծակի թուրը իր գլխին էր խփում, նա իր թուրը ողորմելի Խլղարաքիլիսցվոց գլխին։ Ամպի կարկուտն իր դոշին էր վեր հատում, որ Աստվածանից վախենա, նա իր թվանքի կարկուտը՝ անճար Հայերի էրեխեքանց, անմեղ մանկանց, նորահաս հարսների գլխին էր վեր ածում։ Երկիրն իրան էր ուզում քարի, հողի տակով անի, նա մեր ազգի ողորմելի ջիվան որդիքն էր արյան ծովումը խեղդում, ջախըփուրթ անում։ Սարերն ուզում էին Պարսից գլխին թթափին, խոր տանին, նրանք՝ մեր անտեր խալխի տուն, տեղ կրակում, իրանց սրի բերնով դիմա դիմա տալիս։ Ա՜խ՝ սիրտս կտրատվում ա, լեզուն ի՞նչ ա, որ բառով կարողանա՝ էն սարսափելի տեսարանը պատմիլ, որ լսողը կամ կարթացողը իմանա՝ թե իր խեղճ ավազանի քիր ու ախպերը ի՞նչ հալումն էին էս սհաթին, ի՞նչ էին տեսնում, ո՞ւմ առաջին, ո՞ւմ ձեռին, ո՞ր աշխարքում, ո՞ր հողում։ Ա՜խ՝ շլինքդ չկոտրի՝ Աղասի, ա՜խ՝ ո՞ւր էիր էս սհաթին։ Թագավորք Հայոց՝ որ Անու միջումը անուշ քնած՝ ձեր որդիքը հարամու ձեռին, դուք մեկ գլուխ չի բարձրացրիք, որ նրանց հավարին հասնիք. էն որդիքը՝ որ մեկ սհաթից առաջ աշխարք զարմացրին իրանց քաջությամբը, երկիրը սասանացրին իրանց տղամարդությամբը ու ինչպես դուք՝ հսկայաբար պահպանեցին իրանց աշխարհը, ձեր հողը, ձեր հայրենիքը, ու դուք՝ անգութք՝ թողիք նրանց էսպես փորձանքի միջում, թշնամու, թրի առաջին։

  1. [խաղալ]